Սարգիս Ասատրյան. Ադրբեջանը Թուրքիայի դեպքերին բավական զուսպ է անդրադառնում
Վերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ Ադրբեջանում տեղ գտած արձագանքների մասին Panorama.am-ի թղթակիցը զրուցեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի հետ:
-Ինչպե՞ս են Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներին արձագանքել ադրբեջանական ԶԼՄ-ները:
-Ընդհանուր առմամբ, ադրբեջանական ԶԼՄ-ները բավական զուսպ են անդրադարձել Թուքիայում տեղի ունեցող բողոքի գործողություններին: Հիմնականում ներակայցվել են կատարվող իրադարձություններն առանց իրավիճակի վերլուծության: Ընդ որում, իրավիճակն առավել ակտիվ կերպով լուսաբանում էին ընդդիմադիր համարվող թերթերը: Ըստ էության, Բաքվի իշխանությունները մտավախություն ունեն, որ բողոքի ալիքը Թուրքիայից կարող է հասնել Ադրբեջան: Այս խնդիրն առավել արդիական է դարձել Ադրբեջանում ընտրությունների նախօրեին: Պատահական չէ, որ օրերս Ստամբուլի ցուցարարներին զորակցող բողոքի բոլոր ցույցերը ցրվեցին Բաքվի ոստիկանության կողմից: Ադրբեջանական հեռուստատեսությունը նույնպես շատ հպանցիկ է անդրադարձել այս խնդրին:
-Ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ Թուրքիայում ծավալված գործընթացներն Ադրբեջանի վրա:
-Հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանում մոտ ժամանակներս սպասվում են նախագահական ընտրություններ, ապա իշխանությունները լրջորեն անհանգստացած են, քանի որ խնդիր կա պահպանել կայունությունը երկրի ներսում: Իրականում, եթե հղում կատարենք «Վիքիլիքսի» գաղտնազերծված փաստաթղթերին, Իլհամ Ալիևը լավ հարաբերությունների մեջ չի գտնվում Ռեջեփ Էրդողանի հետ, սակայն բողոքի ալիքը կարող է շղթայական ռեակցիա ունենալ և տարածվել ամբողջ Ադրբեջանում, այդ պատճառով Բաքվում բավական զգուշավորությամբ են հետևում Թուրքիայում ծավալվող բողոքի ակցիաներին: Չմոռանանք, որ Ալիևը երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու խնդիր ունի, սակայն բազմաթիվ գործոններ կան, որոնք կարող են լրջորեն ապակայունացնել իրավիճակը երկրում և բազմահազարանոց բողոքի ցույցեր հրահրել: Մասնավորապես Շուշիից հեռարձակվող «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի աշխատանքը լրջորեն կոնսոլիդացրել է թալիշներին, որոնք մոտ ապագայում կարող են լուրջ ուժի վերածվել երկրում: Բացի դրանից սա կարող է նաև օրինակ ծառայել Ադրբեջանի մյուս բնիկ ժողովուրդների համար, որոնց գործոնը երկրում բավականին լրջացել է, և Բաքվում սա չեն կարող անտեսել: Այս ամենը հաշվի առնելով` կարելի է հավաստել, որ Ադրբեջանում իշխող վարչակարգը լրջորեն անհանգստացած է, և մոտ ապագայում ավելի կուժեղացնի ներքին վերահսկողությունը երկրում, որպեսզի թուրքական զարգացումները չկրկնվեն Ադրբեջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու