«Կուրացիո» ընկերությունը տուգանվեց 10 միլիոն դրամով. մի քանի տարի չի մասնակցի մրցութային գործընթացներին
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում գերիշխող դիրքի չարաշահման համար դեղորայքի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Կուրացիո» ընկերությունը տուգանվեց 10 մլն դրամով:
ՏՄՊՊ հանձնաժողով է դիմել դեղորայքի ներկրմամբ զբաղվող «Բեյբի Սիմ» ընկերությունը, տեղեկացնելով, որ մրցակից «Կուրացիո» ՍՊԸ-ն խոչընդոտում է իր գործունեությանը՝ թույլ չտալով մասնակցել դեղորայքի մատակարարման մի շարք մրցույթների: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Երևանի պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող էնտերալ զոնդային սննդի (սննդի ընդունման դժվարություններ ունեցող կամ անգիտակից վիճակում գտնվող հիվանդներին զոնդի միջոցով տրվող հեղուկ) ձեռքբերման մրցույթներին: Ընկերության դիմում-բողոքի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ, որի ընթացքում պարզվել է հետևյալը. «Բեյբի Սիմ» և «Կուրացիո» ընկերությունները հանդիսանում են տարբեր արտադրողների կողմից արտադրվող ՝ էնտերալ զոնդային սննդի ներմուծողներ Հայաստանում:
ԵՊԲՀ-ի կողմից կազմակերպված մրցույթներում «Բեյբի Սիմ» ընկերությունը առաջարկել է բարձր կալորիականությամբ էնտերալ զոնդային սնունդ՝ շատ ավելի էժան գնով, քան այն ձեռք է բերվում այդ ժամանակահատվածում «Կուրացիո» ՍՊԸ-ից: ԵՊԲՀ-ը պատասխանել է, որ «Բեյբի Սիմը» պետք է մասնակցի իրենց կողմից կազմակերպվող գնման ընթացակարգերին, սակայն գնումները կազմակերպվել են այնպես, որ վերջինը հնարավորություն չի ունեցել մասնակցելու դրանց:
Մասնավորապես, զոնդային սննդի մասով մրցույթը կազմակերպվել է «Բուժ. սարքավորումներ» ապրանքի ներքո, այն դեպքում, երբ այն բուժսարքավորում չէ: Այս մրցույթին «Բեյբի Սիմը» մասնակցելու հրավեր չի ստացել, քանի որ գրանցված է եղել «Դեղորայք» և «Սննդամթերք» առաջարկող մասնակիցների ցանկում:
Վարույթի ընթացքում ի հայտ են եկել մի շարք փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ, այն բոլոր դեպքերում, երբ «Կուրացիո» ընկերությունը բուժհաստատությունների կողմից հայտարարված պետական գնումների մրցույթներում հանդիսացել է միակ մատակարարը, հայտերում շատ բարձր գնային առաջարկ է ներկայացրել, իսկ այն դեպքերում, երբ մրցակից է ունեցել, դեղորայքը վաճառել է գրեթե ինքնարժեքին հավասար գնով ՝ արհեստականորեն խոչընդոտելով մրցակից ընկերության մուտքը շուկա:
«Կուրացիո» ընկերությունը հատուկ խնամքի տակ գտնվող հիվանդների համար նախատեսված դեղորայքը վաճառել է ինքնարժեքից եռակի թանկ գնով:
Հանձնաժողովը ուսումնասիրել է նաև շուկայում «Կուրացիո» ՍՊԸ-ի գնային քաղաքականությունը և բացահայտել, որ ընկերությունը, հանդիսանալով հանրապետությունում այս ապրանքների հիմնական ներմուծող և մատակարար,
մշտապես օգտվել է իր մրցակցային առավելությունից և անկախ նրանից, որ այս ապրանքները իր մատակարարներից երբեմն զեղչով է ձեռք բերել, կամ միջազգային շուկայում դրանց գները նվազել են, մշտապես նույն բարձր գներով է վաճառել հանրապետության դեղատներին և հիվանդանոցներին: Մասնավորապես, մինչ զեղչի ստացումը ընկերության կողմից իրացվող «Նուտրիզոն սննդային թելիկներով 1 կկալ 500մլ.» ապրանքի ինքնարժեքը կազմում էր 2080 դրամ, իսկ մանրածախ իրացման գինը՝ 4000 դրամ: Սակայն ընկերությունը ապրանքը կարողացել է ձեռք բերել զեղչով, ինչի արդյունքում ինքնարժեքը նվազել է մինչև 1380 դրամ, սակայն մանրածախ ցանցում գինը մնացել է անփոփոխ: Այսինքն, ընկերությունը ինքնարժեքի նվազմանը համարժեք չի իջեցրել վաճառքի գները, ինչը մրցակցային օրենսդրության խախտում է:
Հանձնաժողովի որոշմամբ, շուկայում ունեցած գերիշխող դիրքի չարաշահման համար «Կուրացիո» ընկերությունը տուգանվեց 10 միլիոն դրամի չափով: Բացի այդ, Հանձնաժողովի առաջարկով վերջերս գնումների մասին օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն, ընկերությունը կհայտնվի «սև ցուցակում» և մի քանի տարի շարունակ հնարավորություն չի ունենա մասնակցելու մրցութային գործընթացներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու