Հետադարձ հայացք. Հայկական գերեզմանաքարերից պատրաստված Գեզի զբոսայգու աստիճանները
Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգու շուրջ ծավալված դեպքերն առիթ հանդիսացան, որ հետադարձ հայացք նետվի պատմությանը:
«Ermenihaber.am» լրատվական կայքը, վկայակոչելով թուրքական «Սոլդեֆթեր» և «դեմոքրաթ հաբեր» աղբյուրները, նշում է, որ զբոսայգու ապամոնտաժման ժամանակ շինարարական տեխնիկան գերեզմանաքարեր է դուրս բերել, որոնք ամենայն հավանականությամբ պատկանում են Թաքսիմի հրետանային զորանոցի հարևանությամբ գտնվող Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատանը: Ըստ հետազոտող Գևորգ Փամուքչյանի` նշյալ գերեզմանաքարերն օգտագործվել են Գեզի զբոսայգու աստիճանների կառուցման ժամանակ:
«Պարզելու համար, թե ինչպես են հայկական գերեզմանաքարերն օգտագործվել այգու աստիճանները կառուցելիս, պետք է հիշել այդ տարածքի` ձեռքից ձեռք անցնելու պատմությունը, թե ինչպես էին արժեքավոր այդ հողատարածքին տիրանալու համար նույնիսկ ժխտում հայկական համայնքի գոյության փաստը Թուրքիայում: Գոյություն չունեցող համայնքի գերեզմանոցը Թաքսիմի հրապարակից մինչև ռազմական թանգարան է ձգվել»,- գրում է թուրքական «Սոլդեֆթեր» լրատվական կայքը:
Վերոնշյալ տարածքի պատմությունը սկսվում է 16-րդ դարի կեսերից` Սուլեյման Քանունի սուլթանի օրոք: Սուլթանի ազգությամբ հայ խոհարար Մանուկ Քարասեֆերյանը սուլթանին փրկել է նրա դեմ կազմակերպած դավադրությունից: Որպես երախտագիտության նշան` սուլթանի հրամանոց հայկական համայնքին է նվիրաբերվել այդ տարածքը, որը հայկական համայնքի կողմից օգտագործվել է որպես գերեզմանոց: Առաջին անգամ 1872 թվականին փորձել են այն զորանոցին հանձնելու նպատակով խլել համայնքից: Սակայն սուլթան Աբդուլազիզը նման բան թույլ չի տվել: Խլելու 2-րդ փորձը տեղի է ունեցել 1926 թվականին: Բեյօղլուի թաղապետարանը, դիմելով անշարժ գույքի սեփականության Անկարայի կադաստրի վարչություն, ցանկություն է հայտնում գերեզմանատունն իր հաշվեկշռի մեջ մտցնել: Հայոց պատրիարքարանի իրավաբանները վիճարկում է այդ որոշումը: Իսկ քաղաքապետարանի շահերը ներկայացնող փաստաբաններն անգամ պնդում են, որ Թուրքիայում հայկական համայնք և հայոց պատրիարքություն գոյություն չունի:
Դատարանը ներկայացված փաստերի հիման վրա գոնե ընդունում է, որ հայեր գոյություն ունեն: Սակայն թուրք «մասնագետների» և պատմաբաններից կազմված պատվիրակության պատրաստած զեկույցը պնդում է, որ գերեզմանատունը պատկանում է Բայազեթ սուլթանի հիմնադրամին: 1933 թվականին Ստամբուլի դատարանը գերեզմանոցների մասին օրենքի հիման վրա հայկական գերեզմանոցը հանձնում է քաղաքապետարանին:
Պատրիարքարանը բողոքարկման դիմումով հայց է ներկայացնում վերաքննիչ դատարան: 1933 գիշերը դատարանում հրդեհ է բռնկվում, որի հետևանքով գերեզմանոցի վերաբերյալ գրեթե բոլոր փաստթղթերն այրվում են: Այս փաստաթղթերի մեկական պատճեները գտնվում են անշարժ գույքի սեփականության կադաստրի վարչությունում և քաղաքապետարանում, սակայն դրանք արդեն դեպքերի հետագա ընթացքը չէին կարող փոխել: Քաղաքապետարանն առանց սպասելու դատարանի որոշմանը գերեզմանոցը բաժանում է հողակտորների և տրամադրում սեփականության վկայականներ: Այդպիսով 850 հազար քառակուսի մետր տարածք անցնում է քաղաքապետարանին, իսկ հայկական համայնքին թողնում են ընդամենը 6 հազար քառակուսի մետր կառուցապատված տարածք:
Նշենք նաև, որ զբոսայգու տարածքում 1919 թվականին տեղադրվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին հուշարձանը: Այն Թուրքիայում հանրապետական կարգերի հռչակումից հետո անհետացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու