Սիփան Մովսիսյանին սպանելու համար մեղադրվող կուրսանտը երկու ամսով կալանավորվել է
Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 3-րդ կուրսի կուրսանտ Սիփան Մովսիսյանի սպանությունը կատարելու համար մեղադրվող մյուս կուրսանտ Արմեն Մելքումյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Դատարանը բավարարել է կալանքի մասին միջնորդությունը հունիսի 4-ի ուշ երեկոյան: Կուրսանտի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը»: Այս արարքի համար քրեական օրենսգիրքը սահմանում է պատիժ 8-15 տարի ազատազրկում:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունիսի 1-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել. ժամը 21:40-ի սահմաններում հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 21:05-ի սահմաններում պահակակետի հերթափոխի ժամանակ, 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում:
Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «հեմոռագիկ տրավմատիկ շոկ, կրծքավանդակի աջ կեսի թափանցող միջանցիկ հրազենային վիրավորում, հեմոթորոքս» ախտորոշմամբ ընդունված Ս. Մովսիսյանը ժամը 22:20-ի սահմաններում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (Սպանություն) հարուցվել էր քրեական գործ, կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել Ս.Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն, հերթափոխի ժամանակ Ա. Մելքումյանի և Ս. Մովսիսյանի միջև առաջացած վիճաբանության ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ, իսկ Ս.Մովսիսյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցված հայհոյանքից անմիջապես հետո, Ա.Մելքումյանը մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ և պատճառել հրազենային մարմնական վնասվածք:
Դեպքից հետո Պնախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ շտապ խորհրդակցություն էր տեղի ունեցել, որի ժամանակ նա հանձնարարել էր իրականացնել ծառայողական մանրազնին քննություն և պատժել բոլոր մեղավորներին: Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ղեկավար Մարտին Կարապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, որն ընդունելու կամ չընդունելու մասին հարցը կորոշվի ծառայողական քննության արդյունքներից հետո:
Նախորդող հրապարակումներ. Ռազմական ինստիտուտում սպանություն է տեղի ունեցել. Պնախարարը շտապ խորհրդակցություն է հրավիրել
Ռազմական ինստիտուտի պետի հրաժարականի դիմումը կքննարկվի ծառայողական քննությունից հետո
Ծառայակցի կողմից սպանված կուրսանտի ընտանիքը ապրում է տնակում, սոցիալապես ծանր պայմաններում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան