«Սպասում ենք, որ Բուդաղյանի վիճակը կայունանա, որից հետո հարազատները կհայտնեն եղբոր մահվան մասին...»
Ասկերանի N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի վիճակը կայուն ծանր է, ապաքինումը ընթանում է դինամիկ, մի քանի օրից նա կարող է վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել ընդհանուր բաժանմունք: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:
Նրա խոսքով, կրակոցից վնասվել է Ա.Բուդաղյանի լյարդը, բայց վիրահատության շնորհիվ այն հնարավոր է դարձել վերականգնել: Ներկայումս ուշադրության կենտրոնում է հետվիրահատական խնդիրների կասեցումը, բայց քանի որ Ա.Բուդաղյանը գործող սպա է և առողջական վիճակը բարվոք է, հույս կա, որ նա մոտակա ամիսների ընթացքում կապաքինվի և կարող է վերադառնալ զինվորական ծառայության:
Ըստ Ա.Ասատուրյանի, շփումը Բուդաղյանի հետ դեռ սահմանափակ է, հիմնականում նրան այցելում են կինն ու հարազատները, ում հետ գնդապետը կարողանում է շփվել և պատասխանել հարցերին.
«Սակայն ընդհանուր առողջական վիճակը դեռ թույլ չի տալիս ցուցմունք տալ պատկան մարմիններին»,- տեղեկացրեց բժիշկը:
Նա հայտնեց նաև, որ Ա.Բուդաղյանին դեռ չեն հայտնել իր եղբոր մահվան մասին, որպեսզի հոգեբանական ցնցումից նրա վիճակը չսրվի.
«Սպասում ենք, որ վիճակը կայունանա, որից հետո հարազատները կհայտնեն եղբոր մահվան մասին»,- ասաց փոխգնդապետ Ասատուրյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք վիրավորվելու պահին Բուդաղյանը ալկոհոլի ազդեցության տակ է եղել ԿԿԶՀ տնօրենը հիշեցրեց, որ Բուդաղյանը վիրավորվելուց միայն 12 ժամ անց է տեղափոխվել հոսպիտալ արյան մեծ կորուստով, ուստի դժվար է ասել արյան մեջ ալկոհոլի որևէ պարունակության մասին:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Գորիսում տեղի ունեցածի կապակցությամբ կալանավորված Զարզանդ Նիկողոսյանի ու Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խիստ մեղադրանքներ են առաջադրվել: Մասնավորապես, ՀՀ ՊՆ քննչական ծառայության Հատուկ կարևորագույն գործերով քննչական բաժնում ձևավորված քննչական խմբի ղեկավարի կողմից հունիսի 3-ին որոշվել է Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանին և Տիգրան Սուրիկի Խաչատրյանին առաջադրել մեղադրանք` ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 235 հոդ. 1-ին (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 112 հոդ. 1-ին մասերի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Գորիս քաղաքի Դավիթ Բեկ 1 հասցեում գտնվող, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող, առանձնատան դիմաց հունիսի մեկին տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում արձակված կրակոցների հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Էմիլի Բուդաղյանը տեղում մահացել էր, իսկ նրա եղբայր ՊՆ գնդապետ, Ասկերանի զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր ՊՆ զինվորական հոսպիտալ: Դեպքի վայրում հրազենային վնասվածքներ էր ստացել նաև Սուրիկ Խաչատրյանի մյուս թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա