Համաշխարհային բանկը հայկական կողմին առաջարկում է սկսել նոր ծրագիր
Երկրի աջակցության նոր ռազմավարության շրջանակում Համաշխարհային բանկն առաջարկում է սկսել նոր ծրագիր, որն ուղղված է լինելու տարածքների զարգացմանը: Այս մասին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին այսօրվա հանդիպման ժամանակ տեղեկացրել են ՀԲ պատվիրակության անդամները:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ծրագրի նպատակն է նպաստել մարզերում և համայնքներում տնտեսական նոր հնարավորությունների, աշխատատեղերի ստեղծմանը, տարածքները գրավիչ դարձնել մասնավոր ներդրումների ներգրավման, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար:
Նշվել է, որ առաջիկայում հայկական կողմի աջակցությամբ նախատեսվում է իրականացնել մարզերի տնտեսական հնարավորությունների ուսումնասիրություն, որից հետո կներկայացվի գործողությունների պլան: Զուգահեռ կուսումնասիրվեն նաև մարզերում զբոսաշրջային զարգացման հնարավորությունները:
Նույն աղբյուրի համաձայն, Ա. Գևորգյանը ողջունել է նախաձեռնությունը` նկատելով, որ այն միանգամայն համահունչ է Հայաստանի կառավարության որդեգրած տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը և առաջիկայում նախատեսվող բարեփոխումների համատեքստում է:
Նա տեղեկացրել է, որ Տարածքային կառավարման նախարարությունը պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերել նախապատրաստական աշխատանքներին և կարևորել է դրանք սեղմ ժամկետներում իրականացնելու հանգամանքը:
Կողմերը քննարկել են նաև ծրագրի իրագործման ժամկետների, առաջընթացն ապահովող հնարավոր տարածքների և բնակավայրերի ընտրության, ինչպես նաև իրականացման մեխանիզմների հետ կապված հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում