ՀՀ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են
Հունիսի 4-ին Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ պետքարտուղար Քերին նշել է, որ լինելով Մասաչուսեթս նահանգից, որտեղ առկա է մեծ հայկական համայնք, լավ ծանոթ է Հայաստանի առջև ծառացած խնդիրներին։ Միացյալ Նահանգների պետքարտուղարի խոսքերով՝ Հայաստանն ու Միացյալ Նահանգները գործընկներ են տարբեր նախաձեռնություններում։ Հայաստանն իր նպաստն է բերում Աֆղանստանում անվտանգության ապահովման ուժերին, կարևոր դեր է կատարում Կոսովոյում խաղաղության ապահովման գործում։
«Մենք կարևորում ենք երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացումը, ժողովրդավարության ամրապնդումը և բարեկամ հայ ժողովրդի անվտանգության ապահովումը»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ասել է. «Ես ուրախ եմ գտնվել Վաշինգտոնում և հանդիպել Ձեզ՝ քննարկելու Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամական գործընկերությունն ամրապնդելու ուղիները: Մեր երկու երկրները սերտ փոխգործակցություն են հաստատել միջազգային բեմահարթակում, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը, ահաբեկչության դեմ պայքարը, և, ինչպես Դուք նշեցիք, պարոն պետքարտուղար, խաղաղապահ գործողություններին մասնակցությունը՝ Կոսովոյից մինչև Աֆղանստան, ինչպես նաև այլ գլոբալ մարտահրավերներին վերաբերող հարցերում:
Հայաստանը և Միացյալ Նահանգները միակարծիք են, որ անհրաժեշտ է շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծման նպատակով՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա, մասնավորպես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության:
Մենք միակարծիք ենք նաև, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների: Մենք կիսում ենք ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների, շուկայական տնտեսության տեսլականը։
Անցած քսան տարիների ընթացքում՝ մեր անկախությունից ի վեր, Միացյալ Նահանգները կարևոր աջակցություն է ցուցաբերել Հայաստանին և մենք շնորհակալ ենք դրա համար: Ես ցանկանում եմ օգտագործել այս հնարավորությունը, որպեսզի արտահայտեմ մեր երախտագիտությունը նախագահ Օբամայի վարչակազմին՝ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Մեր հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա և վստահ եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք նոր բարձունքների հասցնել փոխգործակցությունը: Մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխադարձ վստահությունը և փոխըմբռնումը այն ընդլայնելու ամենալավ երաշխիքն է»։
Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորությունները և այդ նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը, անդրադարձան երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, կարևորեցին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսության մեկնարկը, «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի գործունեության վերսկսումը Հայաստանում:
Ջոն Քերին վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը շարունակել ամենայն աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը:
Հանդիպման ընթացքում հանգամանալից մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Պետքարտուղար Քերին ընդգծեց, որ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր ամբողջական աջակցությունը հակամարտության կողմերի միջև համաձայնության ձեռք բերման և հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով, ինչը, նրա բնորոշմամբ, նոր հնարավորություններ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացման, կայունության և անվտանգության ամրապնդման համար:
Ընդունելով Հայաստան այցելելու հրավերը՝ Ջոն Քերիին տեղեկացրեց, որ ցանկություն ունի այն իրականացնել այս տարվա ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում