ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. ԱՄՆ-ի բեռը թեթևացնելու համար եվրոպական պետությունները պետք է մեծացնեն ռազմական ծախսերը
ԱՄՆ-ի բեռը թեթևացնելու համար եվրոպական պետությունները պետք է մեծացնեն ռազմական ծախսերը: Այս մասին «Ռոսբալտ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդակցությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Պաշտպանությանը հատկացվող բյուջեները կրճատվում են այն դեպքում, երբ արդի ռազմական միջոցների գները բարձրանում են: Գոյություն ունի անհավասարակշռություն այն ամենի միջև, ինչ ունենք և ինչ մեզ անհրաժեշտ է: Ի հայտ են եկել էական բացեր որոշ ոլորտներում, ինչպիսիք են օդում ինքնաթիռները վառելիքով վերալիցքավորելը, հետախուզությունը, դիտարկումն ու հայտնաբերումը: Ոչ հավասարաչափ են բաշխված ծախսերի բեռը, որոնք ընկած են առանձին դաշնակիցների ուսերին»,- նշել է Ա. Ռասմուսենը:
Նա, միաժամանակ, ողջունել է դաշինքի անդամ այն եվրոպական պետությունների ջանքերը, որոնք, չնայած տնտեսական ճգնաժամին, սկսել են մեծացնել ռազմական ծախսերը:
«Եվրոպական պետությունները պետք է անեն ավելին, որպեսզի թեթևանա այն բեռը, որն այսօր անհամամասնորեն ընկած է Միացյալ Նահանգների ուսերին: Չնայած ճգնաժամին՝ որոշ եվրոպական երկրներ արդեն մեծացնում են իրենց ռազմական ծախսերը կամ խոստացել են դա անել: Եվ այսօր որոշ նախարարներ շահագրգռություն են ցուցաբերել բազմազգ նախագծերի հետագա զարգացման հարցում, որպեսզի լրացնեն գոյություն ունեցող բացերը: Այդ քայլերը ճիշտ ուղղությամբ են արվում, և ես ողջունում եմ դրանք»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նշենք, որ ինչպես Եվրամիության անդամ պետություններն, այնպես էլ ԱՄՆ-ն վերջին տարիներին էականորեն կրճատել են իրենց ռազմական ծախսերը: ԵՄ անդամ պետությունները վերջին 25 տարիների ընթացքում ռազմական ծախսերը կրճատել են ավելի քան երկու անգամ, իսկ ԱՄՆ-ի ծախսերը նախորդ տարի կրճատվել են մոտ 6%-ով՝ կազմելով այս տարվա համար $633 մլրդ: Ողջ աշխարհում ամենամեծ ռազմական բյուջե ունեցող երկրներն են ԱՄՆ-ն, Չինաստանն ու Ռուսաստանը: Վերջին երկուսը, որոնց ռազմական բյուջեները 5 և ավելի անգամ քիչ են ԱՄՆ-ի ռազմական բյուջեից, տարեցտարի ավելացնում են իրենց ռազմական ծախսերը: