ՕԵԿ-ն առաջարկում է բուհերում ուսման վարձավճարի վերին շեմ սահմանել
Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցությունն այսօրվանից խորհրդարանում շրջանառության մեջ է դնում «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կրթության և գիտության նախարարությանն առաջարկում են, սահմանել ուսանողական վարձավճարի վերին շեմ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:
ՕԵԿ-ականները սա առաջարկում են կիրառել բոլոր ուսումնական հաստատություններում՝ անկախ նրանից մասնավոր է, թե պետական ու բոլոր մասնագիտությունների գծով:
«Նույն մասնագիտությունը տարբեր բուհերում ստանալու համար տարբեր գներ են: Պետությունը պետք է դերակատարում ունենա այս հարցում և նկատի ունենալով մարդկանց սոցիալական վիճակը, նկատի ունենալով նվազագույն աշխատավարձի ներկայիս չափը, ուսման վարձավճարի մաքսիմում շեմ սահմանի, որ ենթադրենք տեխնիկական կրթության համար վարձավճարի մաքսիմում չափը լինի իքս...և այդպես շարունակ», -մեզ հետ զրույցում ասաց Մարգարյանը:
Նրա խոսքով, այս նախագծի ընդունման պարագայում քաղաքացին արդեն հստակ կիմանա, թե ասենք տվյալ մասնագիտությունն ստանալն ինչքան կարժենա ու անկանխատեսելի չի լինի: Մարգարյանն ասաց, որ այս փոփոխությունն իրենք առաջարկում են կիրառել 2013-2014 ուսումնական տարում, որն սկսելու է սեպտեմբերի 1-ից: Սակայն քանի որ առջևում արձակուրդներ են, և նախաձեռնությունը դեռ պետք է քննարկումների փուլ անցնի, ապա հնարավոր է ժամկետների մի փոքր ուշ լինեն: Այդ փոփոխությանը Մարգարյանը համաձայն է՝ միայն թե իրենց առաջարկությունն ընդունվի կառավարության կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան