Սերժ Սարգսյան. Հայաստանի տնտեսական զարգացման միտումները խոստումնալից են
Երկրի տնտեսական զարգացման միտումները խոստումնալից են: Այսօր ԱԱԽ նիստում ունեցած բացման խոսում նման կարծիք է հնչեցրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` վկայակոչելով վերջին տարիների տնտեսական աճի ցուցանիշները: Միաժամանակ հանրապետության ղեկավարը նշել է, որ սա բավարարված և գոհ լինելու առիթ չէ ու ընդհակառակը` պետք է պետությունը խրախուսի արտադրական նախագծերը:
«Հարգելի գործընկերներ, այսօրվա նիստում մենք քննարկելու ենք մեր երկրի էներգետիկ անվտանգության և տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ ամրապնդման հարցեր: Կարևոր հարցեր: Մենք շարունակելու ենք ոլորտ առ ոլորտ այնպիսի լուծումներ գտնել, որոնք խթանելու են պետական շինարարության ողջ գործընթացը և նպաստելու են սահուն գործող միասնական համակարգի ստեղծմանը»,-ւմ նշել է երկրի ղեկավարը:
Խոսելով տնտեսական խնդիրների մասին` Սերժ Սարգսյանն ասել է.
«Այսօր դժվարությունները շատ են Հայաստանում: Ոչ ոք դա չի վիճարկում: Բայց ճշմարտություն է նաև այն, որ Հայաստանի տնտեսական զարգացման միտումները խոստումնալից են: 2012 թվականին մեր երկրում տնտեսական աճը կազմեց 7.2 տոկոս: Տնտեսական ակտիվության նման բարձր մակարդակը պահպանվում է նաև 2013 թվականին: Եվ սա տեղի ունի գնաճի ոչ բարձր և կառավարելի մակարդակի պայմաններում: Այո՛, Հայաստանի տնտեսական աճի տեմպերը 2012-ին գերազանցել են հարևան բոլոր երկրներին: Ի համեմատություն բնական պաշարներով հարուստ մի շարք երկրների, այդ թվում նաև մեր հարևանների, Հայաստանում տնտեսական փոխակերպումը և տնտեսության դիվերսիֆիկացիան իրական պտուղներ են տալիս: Արդյունքում՝ Հայաստանը 2012թ. աշխարհի 188 երկրների մեջ ամենամեծ տնտեսական աճ ապահոված 23-րդ երկիրն էր: Սա թույլ տվեց ի վերջո վերականգնել նախաճգնաժամային վիճակը: Ընդ որում` տնտեսության բոլոր հիմնական ճյուղերի աճի հաշվին: Նախաճգնաժամային թողարկման և եկամուտների մակարդակը հնարավոր է եղել ապահովել նախկինում գերիշխող շինարարության ճյուղի՝ մոտ կիսով չափ ցածր թողարկման պայմաններում: Այսինքն` այս ընթացքում տնտեսության մյուս ճյուղերի աճը և զարգացումը փոխհատուցել և գերազանցել են շինարարության ոլորտի կրճատումը` առաջ բերելով արտադրության և ծառայությունների նոր ոլորտներ և տեսակներ, հանգեցնելով տնտեսության առավել առողջ կառուցվածքի: Եվ սա այն պայմաններում, երբ գրեթե կրկնակի աճել են նաև պետության եկամուտները: Այս փաստերն անհերքելի են և արձանագրվում են ոչ միայն մեր կողմից: Այսուհանդերձ, սա բոլորովին չի նշանակում, որ մենք պետք է բավարարված լինենք կամ անգամ գոհ: Իհարկե, ոչ»:
Անդրադառնալով անելիքներին` հանրապետության ղեկավարը նշել է. «Մենք պետք է ոլորտ առ ոլորտ մեր տնտեսությունը վերափոխենք թե՛ ձևի, թե՛ բովանդակության առումով: Մենք նոր տնտեսություն ենք կառուցում: Աստիճանաբար կարկուտների հետևանքների դեմ պայքարելու փոխարեն մենք պետք է սկսենք հակակարկտային ցանցեր արտադրել հենց տեղում, ոռոգում սուբսիդավորելու փոխարեն հենց տեղում կաթիլային ոռոգման համակարգեր արտադրել, սկսել իրենց հետևից ամբողջական ոլորտներ առաջ տանող նախագծեր՝ արագ և էժան ջերմոցներ հավաքելու համար, օրինակ, անհրաժեշտ սարքավորումների արտադրությունից մինչև, ասենք, արևային մարտկոցների հավաքում: Եվ այդպես շարունակ: Այսպիսի նախագծեր պիտի կարողանանք խրախուսել, ինչին և մենք ձեռնամուխ ենք եղել»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում