Ցուցարարները պահանջներ են ներկայացրել Թուրքիայի կառավարությանը
Ստամբուլի ցուցարարները Թուրքիայի կառավարությանը ներկայացրել են պահանջներ, որոնց կատարման դեպքում միայն կդադարեցնեն զանգվածային բողոքի ակցիաները: Այս մասին հայտնում է «Վզգլյադ» լրատվական գործակալությունը:
« Taksim platform նախաձեռնող խումբը, որը միավորում է Ստամբուլի կենտրոնում ցուցարարների առավել ակտիվ մասի ներկայացուցիչներին, ձևակերպել է Էրդողանի կառավարությանն ուղղված մի շարք պահանջներ: Որպեսզի ցուցարարները դադարեցնեն բողոքի գործողությունները, այդ պահանջները կառավարությունը պետք է անվերապահորեն կատարի»,- հայտարարել է նախաձեռնության անդամ Ահմեդ Բեզօղլուն:
Վերջինիս խոսքով, հիմնական պահանջներն են Գեզի պուրակի պահպանումը, ցուցարարների հետ բախումների ժամանակ ոստիկանության կողմից արցունքաբեր գազ կիրառելու լիակատար արգելքը, ժողովրդավարական ազատությունների, այդ թվում՝ խոսքի և արտահայտվելու ազատության ընդլայնումը:
Բացի այդ, ցուցարարները պահանջում են պաշտոններից հեռացնել բոլոր այն պաշտոնյաներին, որոնք պատասխանատու են խաղաղ ցուցարարների դեմ բռնությունների համար, ինչպես նաև ազատել Թաքսիմ հրապարակում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված բոլոր մասնակիցներին:
«Եթե Էրդողանի կառավարությունը չկատարի այդ պահանջները, ապա Ստամբուլի կենտրոնում ցույցերը կշարունակվեն: Մենք մտադիր ենք շարունակել մեր բողոքի ցույցերը մինչև կառավարության կողմից մեր բոլոր պահանջների բավարարումը»,- հավելել է Ա. Բեզօղլուն:
Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերի առիթ է դարձել Ստամբուլի կենտրոնի Գեզի պուրակի տեղում առևտրի կենտրոն կառուցելու Թուրքիայի կառավարության որոշումը: Ցույցերի ընթացքում տուժողների թիվը գերազանցել է 3 հազարը և զոհվել է 2 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու