Իրանցի պաշտոնյան Ադրբեջանում դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման. Բաքվում Իրանի դեսպանի արձագանքը
«Ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ ԻԻՀ քաղաքացի Միքայիլ Քազեմիի ձերբակալման փաստի առնչությամբ անհիմն մեկնաբանություններ են անում»:
Այդ մասին նշված է Ադրբեջանում ԻԻՀ դեսպանության պաշտոնական կայքում թողարկված հաղորդագրության մեջ:
Իրանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաք Այինը, ի պատասխան ԻԻՀ քաղաքացի Միքայիլ Քազեմիի ձերբակալման փաստի առնչությամբ ադրբեջանական որոշ ԶԼՄ-ների կողմից տարածած անհիմն մեկնաբանություններին, պարզաբանել է, որ Քազեմին Արդաբիլ նահանգի նահանգապետարանի կողմից կազմակերպվող ցուցահանդեսների անվտանգության աշխատակիցներից է, ով ութ ամիս առաջ որպես պատվիրակության անդամ Բիլե Սավար անցակետով մեկնել է Ադրբեջան»:
Դեսպան Փաք Այինի խոսքով՝ Միքայիլ Քազեմին՝ որպես անվտանգության աշխատակից, զենք է ունեցել, որը սահմանն անցնելիս, հանձնել Իրանի սահմանապահ ծառայության աշխատակիցներին, սակայն, փամփշտակալը մոռացել է հանձնել: Ադրբեջանի Բիլե Սավարի մաքսատան անվտանգության աշխատակիցները, առգրավելով այն, ձերբակալել են Միքայիլ Քազեմիին:
«ԻԻՀ դեսպանությունը վերոնշյալի մասին Ադրբեջանի ԱԳՆ-ին նոտա է հղել՝ պահանջելով ազատ արձակել Քազեմիին: Ադրբեջանի սահմանապահ ծառայության պաշտոնյաներից մեկը նույնիսկ պաշտոնապես հայտարարել է, որ Քազեմին ազատ կարձակվի, սակայն, անհայտ պատճառներով դա տեղի չի ունեցել: Եվ ահա հանկարծ տեղեկանում ենք, որ Միքայիլ Քազեմին Ադրբեջանի դատարաններից մեկի կողմից դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման»,-նշել է Իրանի դեսպանը:
Նկատենք, որ ապրիլի 30-ին Իրանի անվտանգության ուժերի կողմից Թավրիզում ձերբակալելված Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Նիզամիի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող Խալեդե Խալեդն ու նրա օգնականը օրերս ազատ են արձակվել և վերադարձել Ադրբեջան:
Նախորդող հրապարակում՝
Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Ադրբեջանցի գիտնականը ձերբակալվել է Իրանի օրենքները խախտելու մեղադրանքով