Մեհմեթ Սոյուքը. «Հրաժարվում եմ իմ պաշտոնից ու կուսակցությունից Թուրքիայի կառավարության պահվածքի պատճառով»
Ինչպես հայտնում է «Ermenihaber.am» լրատվական գործակալությունը, Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Իգդիրի նահանգային կառույցի քարտուղար Մեհմեթ Սոյուքը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել` մատնանշելով վերջին օրերին կառավարության որդեգրած դիրքորոշումը:
Մասնագիտությամբ իրավաբան Սոյուքը, որը 7 տարի շարունակ եղել է ԱԶԿ-ի նահանգային կառույցի քարտուղարը, իր հրաժարականը հիմնավորել է երկու պատճառով:
1. Ստամբուլում կառուցվելիք 3-րդ կամուրջը կրելու է Սելիմ Ահեղ սուլթանի անունը:
2. Գեզի զբոսայգու համար քաղաքացիների մղած պայքարի նկատմամբ իշխանությունների դրսևորած վերաբերմունքը:
«Վերջին շրջանում քաղաքական շարժման, որի շարքերում տարիներ շարունակ գտնվել եմ և աշխատել, փոփոխված համակարգը, առաջ քաշած ելույթները և գործողությունները հասել են այնպիսի չափերի, որ անհամատեղելի են իմ անձի, աշխարհընկալման և հոգևոր արժեքների հետ: Հասարակությանը լարվածության մեջ է պահում այն, որ ճնշում են գործադրվում հակառակ կարծիք ունեցողների վրա: Իշխանությունների սիրտ կոտրող հռետորաբանության, այլ հավատքի տեր անձանց օտարման և նվաստացման պատճառով հրաժարվում եմ իմ պաշտոնից», - հայտարարել է Մեհմեթ Սոյուքը:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արտասվաբեր գազ, ջրցան մեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն` կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 4 զոհ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու