ԻՏԱՐ-ՏԱՍՍ. Մինսկի խմբին չի հաջողվել կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
ԵԱՀԿ Մինսկի խմբին չի հաջողվել կազմակերպել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով խմբին անդամ երկրներից մեկի պատվիրակության անանուն աղբյուրին:
«Զալցբուրգում հունիսի 12-ին նախատեսված բանակցություների հերթական փուլը չի կայանա», - աղբյուրին հղումով հայտնում է գործակալությունը: Նշվում է, թե կանխատեսումների համաձայն, նման հանդիպման հավանականության մասին կարելի է խոսել ամռան ավարտից և աշնան սկզբից ոչ շուտ:
Հիշեցնենք, ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև հնարավոր հանդիպման կազմակերպման մասին ավելի վաղ հայտարարել էր ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ համանախագահների տարածաշրջան կատարած վերջին այցելությունն ամփոփող հայտարարության մեջ: