«Իմ տպավորությամբ այս պահին վարչապետը կոնկրետ պատասխան չուներ». ազատամարտիկները վարչապետի հետ հանդիպման մասին
«Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղյակ է մեր բարձրացրած խնդիրներին: Մեկ ամսից կրկին կհանդիպենք` արդյունքների մասին ստույգ իմանալու համար: Հասկանում ենք, իրենք էլ պետք է քննարկեն, մեկ օրում չեն կարող հարցերը լուծել»,- կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումից հետո Panorama.am-ին ասաց ազատամարտիկ, «Շուշի-92» ՀԿ-ի ազտամարտիկների, վետերանների միության նախագահ Իշխան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է ազատամարտիկները նստացույցեր, բողոքի ակցիաներ են իրականացնում` պահանջելով սոցիալական վիճակի բարելավում: Նրանց ներկայացրաց փաթեթը 13 կետ է ներառում` թոշակների բարձրացում, կոմունալ ծախսերի 50 տոկոս զեղչ, անվճար երթևեկություն, բժշկական ապահովագրում և այլն:
Ի. Սարգսյանն ասաց, որ հանդիպմանը ներկա էր նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Վարչապետը նրան հանձնարարական տվեց` ճշտումներ աներ, թե քանի ազտամարտիկ կա, քանի զոհված, քանի վիրավոր, «գումարի հետ կապված հաշվարկներ անել»:
Պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե բավարարվա՞ծ եք հանդիպումից, ազատամարտիկն ասաց, որ կերևա մեկ ամիս հետո: Նա նաև հայտնեց, որ քննարկել են Եռաբլուրում թանգարան կառուցելու հարցը. «Կարևոր է մեր սերնդի դաստիարակության համար, մատաղ սերնդի հայրենասիրական ոգին բարձրացնելու համար, որ երեխաներին տանեն ոչ թե գազանանոց ու կապիկներին ցույց տան, այլ տանեն ու մեր հերոսներին ցույց տան, որ իմանան, թե ինչ սխրանքներ են նրան արել, որ մեր պետությունն այսօր կա»:
Ի. Սարգսյանը նաև ասաց, որ իրենց հետագա անելիքները կքննարկեն խորհրդում, ապա հավելեց. «Մեր կարգախոսն է` շարունակական հետևողական, պահանջողական»:
Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը նույնպես ասաց, որ վարչապետը լսել է ազատամարտիկների պահանջները, համապատասխան հանձնարարականներ է տվել, մեկ ամսից կրկին կհանդիպեն ու միասին համագործակցելով` առաջ կգնան:
Պահեստազորի գնդապես Վոլոդյա Ավետիսյանի խոսքով, վարչապետն ընդունել է, որ ոլորտում կան խնդիրներ: «Մենք կսպասենք` տեսնենք, թե մեկ ամիս հետո ինչքանով մեր խնդիրները լուծված կլինեն, ինչքանով ոչ»: Նա ընդգծեց, որ իրենք կոնկրետ արդյունքներ են ակնկալում:
Հանդիպմանը ներկա ազատամարտիկ Տիգրան Հարությունյանն էլ ասաց, որ իր տպավորությամբ այս պահին վարչապետը կոնկրետ պատասխան չի ունեցել. «Մեծ աշխատանք է պետք. ընդհանուր իրավիճակ, շղթա կա, որ պետք է ինչ-որ տեղ քանդվի, որ հարցերը լուծվեն»:
Նախորդող նորություններ` Վարչապետը խոստացել է վաղը ընդունել ազատամարտիկներին
«Պահանջների բավարարում». Ազատամարտիկները կառավարության շենքի դիմաց են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները