Միջանձնային հարաբերությունների խախտման արդյունք է. Սեյրան Օհանյանը` Բուդաղյանի հետ կատարվածի մասին
«Այցելել եմ Արտակ Բուդաղյանին: Երեկ եմ այցելել, որովհետև գտնվում էի Հայաստանից դուրս: Նրա առողջական վիճակը միջին ծանրության է, արդեն կայուն է: Խոսել եմ կարճ, չեմ ծանրաբեռնել, վատ վիճակում է»,-այսօր Նոյեմբերյանի զորամաս այցելության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով հունիսի 1-ի Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած դեպքին:
Հիշեցնենք, որ հնչած կրակոցների հետևանքով մահացել է Գորիսի քաղաքաապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայր, Ասկերանի զորամասի հրամանտար, ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանը վիրավորվել է:
«Դատապարտում ենք ցանկացած միջանձնային այդպիսի դեպքեր, որոնց հետևանքով հատկապես մահվան ելքեր են գրանցվել: Ոչ միայն զինվորականի ու քաղաքացու միջև, այլև քաղաքացիների միջև մահվան ելքով նման դեպքերը դատապարտելի են»,-հավելեց Օհանյանը, նկատելով, որ այս պահին ավելի մեծ մարտահրավերներ կան դրսից, որոնց դիմակայելու համար ներսում պետք է միասնական լինել:
Միևնույն ժամանակ պաշտպանության նախարարը նշեց. «Դատապարտում ենք այն ոտնձգությունները, որոնք կատարվում են զինծառայողների` և զինվորի և բարձրաստիճան սպայի նկատմամբ: Գտնում եմ, որ այս դեպքը տեղի է ունեցել միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում`պահի ընթացքում ծագած: Չեմ կարծում, որ այս դեպքը կարող է պատճառ լինել, որ զինվորական հագուստի կամ կեցվածքի անկում լինի: Այսօր մեր հայոց բանակի սպաներն այնպիսի խնդիրներ են կատարում, որ գնահատելի են: Վերջին տարիներին, վստահեցնում եմ, որ անպատժելիության մթնոլորտը կամաց-կամաց մոտենում է մինիմումի»:
Գլխավոր դատախազության հաղորդմամբ, 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Ավետիք Բուդաղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանականերում երկու անձի՝ Տիգրան Խաչատրյանին եւ Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ.Խաչատրյանին եւ Զ.Նիկողոսյանին հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112-րդ եւ 235-րդ հոդվածնիերի 1-ին մասերով, համապատասխանաբար՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու եւ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար։
Նույն օրը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Զ.Նիկողոսյանի և Տ.Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը եւ նրանք տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում նախաքննությունը շարունակվում է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները