Քաղաքագետ. «Իսկ եթե վաղը Օբամա՞ն այցելի Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանը նրա՞ն էլ անցանկալի անձ կհայտարարի»
«Իսկ եթե վաղը Բարաք Օբամա՞ն այցելի Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանը նրա՞ն էլ անցանկալի անձ կհայտարարի»,- այս մասին «Pravda.ru»-ի հետ զրույցում նշել է «Alte et Certe» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևինը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը իսպանացի նշանավոր օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին՝ Արցախ կատարած այցի պատճառով անցանկալի անձ է հռչակել:
«Սա ստանդարտ ռազմավարություն է, որ կիրառում են որոշ երկրներ, որոնք վիճելի տարածքներ ունեն: Կարելի է հիշել Վրաստանին. այն ևս գրեթե նմանատիպ քաղաքականություն է վարում: Մի կողմից այդ քաղաքականությունը 3 նպատակ ունի. առաջինը՝ սահմանափակել այդ երկրների միջազգային կապերը, երկրորդը՝ ներսում որոշակի շրջափակում ստեղծել: Եվ երրորդ նպատակը՝ ներքին սպառողին՝ իր իսկ քաղաքացներին որոշակի համոզվածություն տալ, որ իշխանությունը պայքարում է այդ տարածքների համար:
Մյուս կողմից այդ քաղաքականությունը երբեք չի ապացուցել իր արդյունավետությունը: Չեն թողնի Մոնսերատ Կաբալյեին, դե լավ: Իսկ եթե վաղը Բարաք Օբամա՞ն այցելի Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանը նրա՞ն էլ անցանկալի անձ կհայտարարի»,- հարցադրում է անում Եպիֆանցևինը:
«Այդ ռազմավարութունը միշտ տվյալ երկրի դեմ է տրամադրում փոքր երկրների բնակչությանը: Տեսեք թե հարավօսեթները ինչպես են վերաբերում Վրաստանին, որը երկար ժամանակ է շրջափակում է ստեղծում: Դա միայն զայրացնում է նրանց և էլ ավելի անհնարին դարձնում համատեղ գոյակցությունը»,- նշել է քաղաքագետը: