Քաղաքագետ. Դժվար է պատկերացնել, որ ներկա պահին Ս. Սարգսյանը և Ի. Ալիևը քննարկելու համար ինչ-որ լուրջ հարցեր ունեն
Դժվար է պատկերացնել, որ ներկա պահին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկելու համար ինչ-որ լուրջ հարցեր ունեն: Պատասխանելով panorama.am-ի այն հարցին թե ինչպե՞ս կմեկնաբանեք Զալցբուրգում հունիսի 12-ին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման չկայանալու վերաբերյալ տեղեկատվությունը, այս մասին նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նշենք, որ քիչ առաջ «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրներից մեկի պատվիրակության անանուն աղբյուրին, տեղեկատվություն է տարածել այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին չի հաջողվել կազմակերպել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
«Զալցբուրգում հունիսի 12-ին նախատեսված բանակցություների հերթական փուլը չի կայանա», - աղբյուրին հղումով հայտնում է գործակալությունը: Նշվում է, թե կանխատեսումների համաձայն, նման հանդիպման հավանականության մասին կարելի է խոսել ամռան ավարտից և աշնան սկզբից ոչ շուտ:
Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև հնարավոր հանդիպման կազմակերպման մասին ավելի վաղ հայտարարել էր ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ համանախագահների տարածաշրջան կատարած վերջին այցելությունն ամփոփող հայտարարության մեջ:
«Այս ամենի դրդապատճառները շատ պարզ և հասարակ են: Հասկանալի է, որ Կազանի և Մոսկվայի հանդիպումների անարդյունք ավարտից, Սաֆարովի գործից, ՀՀ-ի հետ ցանկացած աղերս ունեցող Ադրբեջանի քաղաքացիներին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրինագիծը շրջանառության մեջ դնելուց հետո դժվար թե կարելի էր պատկերացնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկելու համար ունեն ինչ-որ լուրջ հարցեր»,- նշեց Սերգեյ Մինասյանը:
«Ամեն դեպքում նախագահների մակարդակով հանդիպման անցկացումը ցանկալի կլիներ: Դա կնշանակեր բանակցային գործընթացի գոնե իմիտացիայի շարունակություն: Բնական է, որ նույնիսկ ձևական բանակցությունների ցուցադրումն ավելի լավ է, քան դրանց բացակայությունը: Սակայն մյուս կողմից, հստակ է որ շատ դժվար է նախագահների մակարդակով համաձայնեցնել նույնիսկ այդ իմիտացիոն բանակցությունների ձևաչափը»,-հավելեց բանախոսը:
Պատասխանելով այն հարցին, թե այնուամենայնիվ, որքանո՞վ է հավանական մոտ ապագայում նախագահների մակարդակով հանդիպման անցկացումը, Ս. Մինասյանը նշեց. «Իհարկե ամեն ինչ հնարավոր է: Սակայն դա կապված է մշտական բանակցային գործընթացից, այն է` կկարողանա՞ն արդյոք ՄԽ համանախագահները և ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները գտնել այն կետը, որի հիման վրա նախագահների մակարդակով հնարավոր կլինի հանդիպում անցկացնել»: