Թուրք պատգամավոր. «Եթե Էրդողանը դիկտատոր լիներ, Թաքսիմը Դերսիմ կլիներ»
Թուրքիայում բռնկված քաղաքացիական անհնազանդության, խռովությունների ու բախումների համար բազմաթիվ մեղադրանքներ են հնչում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության, մասնավորապես կուսակցության և կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:
«Ermenihaber.am»-ի տեղեկացմամբ` իշխանական կուսակցության պատգամավոր Շամլի Թայյարը «Twitter»-ում գրառում է կատարել` ի պաշտպանություն վարչապետ Էրդողանի: Թուրք պատգամավորն անդրադարձել է քաղաքացիների այն մեղադրանքներին, ըստ որոնց, Էրդողանը դիկտատորի վարքագիծ է դրսևորում:
«Կարող եք քննադատել, բայց իմացեք, որ եթե Էրդողանը դիկտատոր լիներ, ապա Թաքսիմը Դերսիմ կլիներ, իսկ դուք էլ տապանաքարի կարոտ կգնայիք այս աշխարհից: Էրդողանին դիկտատոր ասելիս, պետք է հիշել Դերսիմի կոտորածները կատարողներին, դրանց ընդունողներին և ազատորեն ամեն տեղ թալան արողներին»,- գրել է թուրք պատգամավորը:
Նշենք, որ 1937-1938թթ. Դերսիմի ապստամբությունը թուրքական իշխանությունները խեղդեցին զանգվածային կոտորածների միջոցով` ոչնչացնելով բազմաթիվ գյուղեր: Տարբեր աղբյուրների համաձայն` Դերսիմի սպանդին զոհ է գնացել շուրջ 100.000 հոգի։ Հայոց ցեղասպանությունից փրկված և Դերսիմի տարբեր գյուղերում ապաստանած հազարավոր հայեր այդ տարիների կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն` կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 4 զոհ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու