Ինչո՞ւ ԱԺ պատգամավորների 50 տոկոսը բանակում չի ծառայել. Պատասխանել է Սեյրան Օհանյանը
«Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության արական սեռի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ծառայի բանակում, պետք է ծառայի հայրենիքին», Նոյեմբերյանի տարածաշրջանում զորամաս այցելությունից հետո հունիսի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է Պնախարարը վերաբերում փաստին, որ Ազգային ժողովի պատգամավորների հիսուն տոկոսը բանակում չի ծառայել, իսկ այդ չծառայածների երեսուն տոկոսը մեդալներ ու շքանշաններ են ստացել:
Նրա պնդմամբ, բուհական ուսումնական հաստատությւոններում տերկետման իրավունքը պետք է ամբողջությամբ վերացնել, քանի որ կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկեր են հայտնվում: Իսկ ինչ վերաբերում է կրթության շարունակականությանը, ապա ըստ նախարարի, սովորելու ցանկության դեպքում կարելի է բանակում ծառայությունից հետո շարունակել ուսումը: «Օրինակ, իմ տղան առաջին կուրսից գնացել, ծառայել է, այնուհետև ավարտել բակալավրն ու մագիստրատուրան ու արդեն իսկ իր համապատասխան անձնական որակներով կամայական հատկանիշներով ու կրթությունից հետո համապատասխան գիտելիքներով աշխատանքի է անցել», -հավելեց նախարարը:
Անդրադառանալով մեդալներ ստանալուն, նախարարն ասաց, որ դրանք տրվում են նրանց, ովքեր համագործակցում են բանակի հետ, ովքեր բանակի համար համապատասխան աշխատանք են կատարում, մանավանդ ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ:
«Չմոռանանք նաև այն, որ երբ ասում ենք, թե յուրաքանչյուր տղամարդ պետք է գնա ծառայության, իշխանավորների ու ԱԺ պատգամավորների մեջ կան մարդիկ, որոնք օրինական ձևով են ազատվել, ավարտել են տարբեր կրթական օջախներ, ասպիրանտուրաներ, գիտությունների թեկնածու են, ինչը նախկինում հնարավորություն է տալիս` տարկետում ստանալու համար: Դա օրինականության շրջանակներում է», -հայտարարեց նախարար Օհանյանը: