Օպերային արվեստի դիցուհի Մոնսերատ Կաբալիեն վաղը ելույթ է ունենալու հայ հանդիսականի առջև
Վաղը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերատ Կաբալիեի համերգը: Նա հետ հանդես կգան նրա դուստրը՝ ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին, մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը:
Աշխարհահռչակ երգչուհին հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Նվագախմբի ելույթը կղեկավարի նաև Մոնսերատ Կաբալիեի և մյուս երգչուհիների հետ Հայաստան ժամանած հայտնի դիրիժոր Ռամոն Տեբարը:
Նշենք, որ երգչուհին եղել է Արցախում, ուր հանդիպել է ԼՂՀ նախագահին, եղել նաև Գանձասարում:
Մոնսերատ Կաբալիեն միջազգային ճանաչման արժանացավ 1965-ին: Կարճ ժամանակահատվածում ստանձնելով Դոնիցետիի «Լուկրեցիա Բորջա» օպերայի գլխավոր հերոսուհու դերերգը, դեռևս անհայտ երգչուհին, Կարնեգի Հոլլի իր ելույթի ժամանակ առաջին իսկ արիայով ապշեցրեց Նյու Յորքի հանդիսատեսին, որը 20 րոպե շարունակ ծափահարում էր երգչուհուն: «New York Herald Tribune» թերթը հաջորդ օրը գրեց. «Երբ Կաբալիեն սկսեց իր առաջին արիան, օդում ինչ-որ զգալի բան փոխվեց: Թվաց, թե բոլորը դադարել են շնչել»: Այս ելույթից հետո Կաբալիեն երգեց աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններում, դրանց թվում են՝ Միլանի La Scala-ն, Նյու Յորքի Metropolitan-ը, Վիեննայի Staatsoper-ը, Լոնդոնի Royal Opera House Covent Garden-ը, Paris Opera-ն, Բարսելոնայի Gran Teatro del Liceo-ն, Մոսկվայի Մեծ թատրոնը, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը, Բուենոս Այրեսի Teatro Colցn-ը, San Francisco Opera-ն, Hamburg Opera-ն, Munich Opera-ն: Հանդես է եկել հեղինակավոր փառատոներում, հայտնի համերգասրահներում. Salzburg Festival, Aix en Provence, Orange, Glyndebourne, Pesaro, Verona, London Royal Festival Hall, Նյու Յորքի Carnegie Hall և Avery Fisher Hall, Բարսելոնայի Palau de la MՕsica Catalana, Մադրիդի Teatro Real, Տոկիոյի NHK Hall, Փարիզի Salle Pleyel, Salle Gaveau և Thëâtre Champs Elysées, Ամստերդամի Concertgebouw, Վիեննայի Konzerthaus, և այլն: Կաբալիեն համագործակցել է հեղինակավոր նվագախմբերի հետ` աշխարհահռչակ դիրիժորներ Հերբերտ ֆոն Կարայանի, Լեոնարդ Բերնսթայնի, Զուբին Մետայի, Կլաուդիո Աբբադոյի, Ջեյմս Լևայնի, Սեյջի Օզավայի, Սըր Ջորջ Շոլթիի, Սըր Քոլին Դևիսի, Ռիկարդո Մուտիի, Կարլո Մարիա Ջուլինիի և այլոց ղեկավարությամբ:
Ընդարձակ է Կաբալիեի երգացանկը՝ ավելի քան 90 դերերգ: Նրա ձայնագրություններն ընդգրկում են ավելի քան 80 անվանում (որոնց կեսը կազմում են ամբողջական օպերաներ): Նա կատարել է ամենահայտնի դերերգերը` Լուիզա Միլլերից մինչև Սալոմե, Պամինայից մինչև Իզոլդա: Նա գերազանցապես հայտնի է՝ որպես bel canto խաղացանկի չգերազանցված կատարող (Դոնիցետի և այլք): Մոնսերատ Կաբալիեի կատարման մեջ միավորվում են խորը հուզականությունը և դրամատիզմը: Նա իրավամբ համարվեց Մարիա Կալլասի արժանի հետևորդը` Նորմայի դերակատարման մեջ: Հետևողական աշխատանք է տանում մոռացված մեծարժեք ստեղծագործությունների վերհանման և փայլուն կատարման ասպարեզում (դրանով նա հանդիսանում է Մարիա Կալասի և Ջոան Սադերլենդի արժանի հետևորդը): Այն ժամանակ, երբ բազմաթիվ սոպրանոներ, հասնելով իրենց կարիերայի գագաթնակետին, աստիճանաբար կրճատում են իրենց խաղացանկը, Կաբալիեն, ընդհակառակը, նախաձեռնել է նորանոր ստեղծագործությունների կատարում (Գլուկի, Սալիերիի, Պաչինիի, Սպոնտինիի, Մասնեի, Քերուբինիի, Ռոսինիի, Դոնիցետիի և այլոց քիչ հայտնի և մոռացված գործեր):
Լայն արձագանք է ստացել Կաբալիեի համագործակցությունը Ֆրեդի Մերկուրիի, ինչպես և՝ Վանգելիսի հետ:
Վերջերս նա կատարել է Կատերինա դ’Արագոնի դերը Սեն-Սանսի «Հենրի VIII» օպերայում, Մասնեի «Մարիա Մագդալենա» և այլ օպերաների առաջատար դերերգեր (Վիեննայի Staatsoper-ում):
Մոնսերատ Կաբալիեն միջազգային բազմաթիվ մրցանակների և պատվավոր կոչումների կրող է (Order of Doրa Isabel la Catցlica, Commandeur des Arts et des Lettres և այլ կոչումներ):
Ճանաչվել է Միացյալ Ազգերի Կազմակերպության Պատվավոր դեսպան (1974) և Խաղաղության դեսպան (1991): Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է (1994), արժանացել է Եվրոպայի մի շարք համալսարանների Պատվավոր դոկտորի կոչումների:
Կաննի Palais des Festivals փառատոնում կայացել է «Caballe beyond music» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Նա Պատվո Լեգեոն շքանշանի ասպետ է և ունի Վիեննայի Staatsoper-ի շնորհած Kammersängerin տիտղոսը:
Մոնսերատ Կաբալիեի մեծությունն իրավամբ կապում են նրա գեղեցկագույն ձայնի ամենաբազմազան երանգների և անթերի վիրտուոզային տեխնիկայի հետ:
Նա աշխարհով մեկ գրավում է հանդիսատեսին իր անձի հմայքով, հույզի հորդող ջերմությամբ և անզուգական տաղանդի ուժով:
Տասնամյակների բեմական փորձ ունեցող աշխահահռչակ երգչուհին շարունակում է մնալ օպերային արվեստի իրական DIVA: