Հ. Բերբերյան. Չար լեզուները փորձում են բարձր ինքնարժեք ցույց տալ, որպեսզի իրենց դիրքերը պահպանեն
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը չափազանցված է համարում այն գումարների չափը, որոնք տարբեր պաշտոնյաններ հրապարակում են հակակարկտային ցանցերի ձեռք բերման և գործարկման համար:
ՄԱԿ-ի ծրագրերից մեկով այս պահին Հայաստան ցանցեր ներկրվում են Իտալիայից, փորձնական ծրագիրն իրականցվելու է Տավուշի, Արագածոտնի, Արարարտյան հարթավայրի մի քանի համայնքներում: Բերբերյանի ստույգ հաշվարկներով, մեկ հեկտարը ցանցապատելու համար անրաժեշտ կլինի 2000 եվրո գումար: Բերբերյանը հետևելով հայտարարություններին, նկատել է, որ որոշ մարդիկ 1 հա տարածքի ցանցապատման համար մինչև 18-25 հազար դոլար ծախսի մասին են հայտարարել:
«Չար լեզուները փորձում են բարձր ինքնարժեք ցույց տալ, որպեսզի իրենց դիրքերը պահպանեն, որովհետև ունեն կառույցներ, որտեղից աշխատավարձ են ստանում, օգտվում են պետական միջոցներից և այլն, և այլն: Դե օրինակ բերեմ, փոխնախարարներից մեկի տղան հակակարկտային համակարգում տեղամասի պետ է»,-Panorama.am-ի հետ հարցազրույցում ասաց Բերբերյանը:
Ուսումնասիրելով տարբեր երկրների փորձն ու արդյունքները, գյուղատնտեսն արձանագրում է, որ հակակարկտային ցանցերն ունեն 100 տոկոս արդյունավետություն, ի տարբերություն հակակարկտային կայանների, որոնք նույնիսկ ացետելինով աշխատելու դեպքում, ապահովում են 25-30 տոկոս արդյունավետություն, բութանով գործի դրվելու պարագայում արդյունավետությունը պակասում է: Միավորման նախագահը նշեց, որ նույնիսկ Արգենտինայում, որտեղից ներկրվել են կայանները, կարկուտը վնասել է խնձորի այգինները:
Հիշեցնենք, օրերս հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստում Հանրապետության նախագահ Սերժ Սարգյանն ասաց. «Աստիճանաբար կարկուտների հետևանքների դեմ պայքարելու փոխարեն մենք պետք է սկսենք հակակարկտային ցանցեր արտադրել հենց տեղում, ոռոգում սուբսիդավորելու փոխարեն հենց տեղում կաթիլային ոռոգման համակարգեր արտադրել»:
Բերբերյանի կարծիքով, տեղում արտադրություն կազմակերպելն ավելի ձեռնտու կլինի:
«Միայն ողջունելի առաջարկ է: Ավելի ողջունելի կլինի, եթե հումքը տեղական լինի: Կստեղծվեն աշխատատեղեր, ներկրում չենք ունենա, ավելին կփորձենք արտահանել Իրան, Վրաստան ու այլ երկրներ»,-ասաց մասնագետն ու կարծիք հայտնեց, որ այս դեպքում ցանցն ավելի էժան կլինի:
Տեղում արտադրություն կազմակերպելու պարագայում Բերբերյանը խիստ կարևորում է մասնավոր ընկերությունների միջև մրցակցության ապահովումը, գյուղացիներին` ցանցի գումարը 10-15 տարիների ընթացքում մարելու հնարավորության ընձեռնումը:
Հակակարկտային ցանցերի կիրառման դեպքում առավելություններից մեկն էլ, ըստ Բերբերյանի, այգիներն ու բանջարաբոստանային կուլտուրանները շոգից ու ցրտից պաշտպանելն է:
«Մեր բնակլիմայական պայմանների պարագայում սրանք օգտավետ տարբերակ են, գերշոգի դեպքում մենք բույսի վնասում չենք ունենում: Ցրտահարությունն էլ ավելի մեղմ է լինում»,-բացատրեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով, ցանցը կարելի է օգտագործել մինչև 15 տարի:
«Այս հարցը լուծելով, ընդհանրապես մեր գյուղացին հակակարկտային պրոբլեմի մասին չի խոսի, սա ճիշտ որոշում է: Եթե ժամանակին ինքն իր հողը չի ցանցապատել, դա արդեն իր պրոբլեմն է, ոչ թե իշխանությունների: Մենք լուծում ենք տալիս, եթե գյուղացուն հնարավորություն տրվի ցանցի գումարը մարել 10-15 տարում, ապա բոլորն էլ կհամաձայնեն»,- վստահություն հայտնեց նա:
Բերբերյանը ողջունելի, արդյունավետ ու քիչ ծախսատար է համարում նաև խորհուրդի նույն նիստում նախագահի մեկ այլ առաջարկ` կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման մասին: Միավորման նախագահն ընդգծում է, որ դրան Եվրոպան անցել է տարիներ առաջ, ֆերմերը վճարում է այնքան, որքան ծախսել է, ոչ թե կորուստների համար: Համոզված է, համակարգի ներդրման արդյունքում կկրճատվեն նաև ֆերմերների ծախսերը:
«Էլ չեն գա ասի, 6 ջուր ես արել, 7 ջուր ես արել: Հաշվիչը դրվում է խողովակի վրա, և գյուղացին վճարում է այնքան, որքան օգտագործում է: Նոր տեխնոլոգիաներ կիրառելու ժամանակն է»,-հիշեցրեց մասնագետը:
Բերբերյանը նշում է, որ կաթիլային ոռոգման համակարգերը մի քանի համայնքերում նույնիսկ փորձնական փորձարկմանը ուժեղ դիմադրություն կա:
«Չեն համաձայնում ու վերջ, նույնիսկ վախենում են փորձից, ինչ նոր է, սարսափելի վախենում են, բայց միևնույն է, ինչքան էլ դիմադրեն, լինելու է»,-նկատեց նա:
Չնայած դրական առաջարկներին, դրանց իրագործման դեպքում բարձր արդյունավետության ապահովմանն ու քիչ ծախսատարությանը, գյուղատնտեսը մտահոգություն ունի. առաջարկները կյանքի կոչելու համար հարկավոր է փոխել կադրային քաղաքականությունը, գիտակ մասնագետներ են պետք:
«Պետք են մարդիկ, ովքեր պատկերացնում են, ինչ է ասել նախագահը: Վաղ թե ուշ այդ առաջարկները պետք է իրականություն դառնան, ուղղակի եթե ճիշտ ժամանակին ճիշտ կադրերով լծվենք աշխատանքին, հաստատ շատ արագ կլինի»,-ասաց նա:
Ի՞նչ անել արդեն տեղադրված ու տեղադրվելիք հակակարկտային կայանների հետ: Հիշեցնենք, որ ԱԻՆ հրապարակած տվյալների համաձայն, հանրապետության 234 հակակարկտային կայաններից 101-ը Արմավիրի մարզում են: 234-ից 80-ը գյուղապետերի ենթակայության տակ են և չեն կառավարվում միասնական կենտրոնից:
Բերբերյանն առաջարկում է, բոլոր կայանները հանձնել համայնքներին:
«Դրանք պետք չի ոչնչացնել, վերջիվերջո ժողովրդի գումարներով է ձեռք բերվել: Կարելի է տալ համայնքերի կամ կոպերատիվների տրամադրության տակ: Այդ դեպքում պետությունը լուրջ տնտեսումներ կանի»,-նկատեց նա, ավելացնելով, որ առիթ չկա գյուղապետերին չվստահելու համար:
Բերբերյանի խոսքով, շուտով դրանք մնալու են անցյալում, իսկ ինքը պատրաստ է օգնել նոր տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման գործում:
Նախորդող նորություններ՝
Կարկուտից պաշտպանելու համար Բերբերյանը առաջարկում է ցանցապատել այգիները
Սերժ Սարգսյանը ԱԱԽ նիստում` Պետք է պատրաստվել տարածաշրջանում նոր վերադասավորումներին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան