Հ.Սահակյան. Բրայզան ևս մեկ անգամ փայլուն ցուցադրեց, որ ինքը տեսակետներ է հնչեցնում ադրբեջանական շահերից ելնելով
«Պարոն Բրայզան մեկ անգամ ևս փայլուն ցուցադրեց, որ ինքը տեսակետներ է հնչեցնում ոչ թե ելնելով ամերիկյան, այլ ադրբեջանական շահերից»,- Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Մեթյու Բրայզայի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ վերջին հայտարարությունը նշեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Նրա խոսքով, իր այդ հայտարարությամբ Բրայզան ևս մեկ անգամ ցուցադրեց, թե ինչու ԱՄՆ Կոնգրեսի կողմից չի հաստատվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Հիշեցնենք, վերջին իր ելույթներից մեկում Մ.Բրայզան նշել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ուղղակիորեն փոխկապակցված է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հետ և եթե այս գործընթացներից մեկում նկատվի առաջընթաց, ապա առաջընթաց կլինի նաև մյուսում:
«Երբ պարոն Բրայզան պետքարտուղարության պաշտոնյա էր, նա բազմաթիվ անգամ հրապարակայնորեն հայտարարել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իրար հետ ոչ փոխկապակցված գործընթացներ են: Պատահական չէ նաև, որ պարոն Բրայզան հույս է հայտնում ոչ թե այն մասով, որ այս անգամ նախագահական ընտրությունները պատշաճ կանցնեն, այլ որ պատշաճ գնահատականի կարժանանան դիտորդների կողմից: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Բրայզան պաշտպանում է ոչ թե իր հայրենիքի, այլ Ադրբեջանի վերնախավանի շահերը»,- նշեց նա` հավելելով, որ Կոնգրեսը, փաստորեն, իմաստուն գտնվեց, որ այդպես էլ չհաստատեց Բրայզայի թեկնածությունը:
Ի դեպ , նա նշեց, որ իր հետ մասնավոր զրույցներում ամերիկացի դիվանագետները հաճախ ամաչում են Բրայզայի պահվածքի համար և երբ Ղարաբաղյան թեմային անդրադարձ է լինում, շտապում հստակեցնել, որ Բրայզան չի արտահայտում ամերիկյան պետության տեսակետները.
«Բրայզան՝ Ադրբեջանի ղեկավարության հետ միասին, գտնվում է խորը անդունդում և դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է դուրս գան այդտեղից»,- հավելեց Հ.Սահակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները