Պռոշյանցիները թույլ չեն տվել գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարին մտնել գյուղապետարան
Պռոշյանում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի նշանակած համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին գյուղացիները չեն ընդունում: Իրենց դժգոհությունը հիմավորում են այսպես. Հրաչ Մուրադյանի սպանության մանրամասները բացահայտված չեն, մեղավորները շարունակում են անպատիժ մնալ, համայնքում մթնոլորտը լարված է, իսկ նորանշանակ պաշտոնակատար Արմինե Մելիքյանը հայտնի է Պռոշյանում ցանկացած ընտրություն տապալելու փորձերով, փոխանցում է «Երկիր Մեդիան»:
Ըստ աղբյուրի, գյուղացիներն ասում են, որ արդեն մի քանի անգամ տապալվել է նաև Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցի տնօրենի ընտրությունը, և այս գործում դերակատարություն ունի նաև հենց ինքը՝ Մելիքյանը։
Այսօր գյուղապետարանի մոտ մարզպետարանի աշխատակիցների և նորանշանակ պաշտոնակատարի հետ վիճաբանության ընթացքում պռոշյանցիներն ընդգծել են, որ իրենց համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը նախանշված է հուլիսի 14-ին: Իսկ մինչ այդ գյուղապետարան ոչ ոք չի մտնելու: Նրանց խոսքով, առաջին անգամ չէ, որ Կոտայքի մարզպետարանը փորձում է ոտնահարել իրենց իրավունքները և առաջին անգամ չէ, որ իրենք ոտքի են կանգնում։
Այսպիսով, պաշտոնակատարի աշխատանքային առաջին օրը սկսվեց և ավարտվեց գյուղապետարանի մուտքի մոտ` իր հասցեին հնչած բազմաթիվ մեղադրանքներով:
Հիշեցնենք` Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել էր ապրիլի 1-ին գյուղապետարանի դիմաց: