Թուրքագետ. Նմանատիպ երևույթները միշտ ավարտվել են ազգային ու կրոնական փոքրամասնությունների ճնշումներով
Թուրքիայի ներքաղաքական կյանքն այլևս այնպիսին չի լինի, ինչպես նախկինում էր, և վերջին իրադարձությունները դեռ կունենան իրենց հետևանքները: Այսպիսի կարծիք այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ բանախոսի` առաջին հերթին ստեղծված իրավիճակն իր ազդեցությունը կունենա 2014 թվականին կայանալիք նախագահական ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վրա:
«Ըստ էության, կառավարող կուսակցությունը թուրքական հասարակության կողմից դաս ստացավ: Հասարակությունը բացատրեց, որ թեև իրենք հաղթել են ընտրություններում, բայց պետք է հաշվի նստեն հասարակության կարծիքի հետ»,- ասաց նա:
Թուրքագետի կարծիքով` պետք չէ հասարակական շարժման հետևում փնտրել որևէ արտաքին ուժեր, մանավանդ, որ այս դեպքում քաղաքական որևէ կազմակերպություն ի հայտ չի եկել:
«Սա այն դեպքն է, երբ մի փոքր ակցիայի նկատմամբ իշխանությունների ոչ հավասար ուժ կիրառելու պարագայում իշխանությունն արժանացավ ժողովրդի զայրույթին: Պարզապես հավաքվեցին մարդիկ, ովքեր վրդովված էին իշխանությունների դեմ»,- պարզաբանեց նա, կարևորելով, որ այս դեպքում հասարակության որոշ շերտեր հաղթահարեցին պետության նկատմամբ իրենց վախը:
Անդրադառնալով Թուրքիայի ազգային և կրոնական փոքրամասնությունների վրա ստեղծված իրավիճակի հնարավոր ազդեցությանը` թուրքագետը զգոնության կոչ արեց. հիշեցնելով պատմության դառը դասերը:
«Մինչ օրս որևէ վտանգ չի եղել, բայց պատմությունը ցույց է տալիս, որ նմանատիպ երևույթները Թուրքիայում միշտ ավարտվել են ազգային ու կրոնական փոքրամասնությունների ճնշումներով: Մենք չպետք է այդ վտանգն անտեսենք»,- ասաց նա: