Հայրս վարում-ցանում էր, մայրս` հավ էր պահում. Արտագաղթի մասին հարցը Տավուշի մարզպետին հիշեցրել է մանկությունը
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը կարծում է, որ իր ղեկավարած մարզի սահմանամերձ գյուղերում, որոնց թիվն անցնում է 20-ից, գյուղացու հոգսը թեթևացնելուն ուղղված «բավական մեծ» ծրագրեր են իրականացվում: «Այսօր հողի հարկից ամբողջությամբ ազատվել են այդ գյուղերը:
Ոռոգման ջրի վարձավճարների հիսուն տոկոսով զիջում է տեղի ունեցել, կառավարությունը զեղչ գներով վառելիք, սերմացու, պարարտանյութ է տրամադրում, նաև հրատապ ծրագրերով որոշակի աշխատանքներ ենք տանում, օրինակ Այգեպարում բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում է կատարվում, դեպի Այգեպար գնացող ճանապարհն ենք վերանորոգել: Ճիշտ է Այգեպարում մենք այսօր ունենք դպրոցի վերանորոգման խնդիր, բայց Ներքին Կարմիրում կառուցում ենք համայնքային կենտրոնը կվերանորոգենք նաև բուժկետը, դպրոցն ենք վերանորոգել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում թվարկեց Արմեն Ղուլարյանը:
Սահմանամերձ գյուղերից արտագաղթի մասին մեր հարցին ի պատասխան Տավուշի մարզպետը վերհիշեց իր կյանքից դրվագներ ու հետո գյուղացիներին մեղադրեց, որ չեն աշխատում, հող չեն մշակում: «Ես չեմ հիշում, որ իմ հայրը մեր բակի տնամերձում մի սանտիմետր տարածք ազատ, անմշակ թողներ` վարում էր, ցանում էր լոլիկ, վարունգ, տարբեր-տարբեր բաներ: Մայրս հավ էր պահում, չգիտեմ մի ուրիշ բան էր անում: Հիմա մենք ոչ մի բան չենք ուզում անել, հետո ասում ենք աշխատանք չկա: Նույնը գյուղացին` մի հատ մտեք ու իրա դռանը տեսեք` քանի՞ հավ կա, կամ քանի՞ մեղվի փեթակ կա», -ասաց Ղուլարյանը:
Այսինքն, գյուղացին չի՞ աշխատում հարցին, Տավուշի մարզպետն արձագանքեց. «Պտի աշխատեն ցավդ տանեմ, եթե չաշխատենք, ով ա մեզ պահելու: Հողը թողած, առանց հողը վարելու, ասում են` բերեք ստեղ գործարան սարքեք: Մեր մյուս հարցին, թե եթե հողը մշակեցին, ապա ինչպե՞ս պետք է սահմանամերձ գյուղի բնակիչներն իրացնեն այն, մարզպետը պատասխանեց. «Չկա իրացման պրոբլեմ, չկա էդպիսի խնդիր, չկա նման բան»:
Ավելի վաղ Panorama.am-ը անդրադարձել էր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի, մասնավորապես Այգեպարի, Չինարիի, Ներքին Կարմիրաղբյուրի խնդիրներին, որտեղ մարդիկ դժգոհում էին սոցիալական ծանր վիճակից ու ապրուստի միջոցներ փնտրում արտագաղթելով Ռուսաստան:
Ի դեպ, Տավուշի մարզպետը մեր խնդրանքով անդրադարձավ նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքերին ու ասաց. «Շատ Ցավալի դեպք ա տեղի ունեցել, չափից շատ ցավալի: Ցավում եմ ու կարծում եմ, որ իրավապահ մարմինները պատշաճ քննություն կիրականացնեն»:
Թեմային առնչվող. Սահմանամերձ գյուղի հոգսերը. Այգեպարում շուտով արտագաղթի սեզոնն է սկսվում (լուսանկարներ)
Հարկային բեռը խեղդում է Ներքին Կարմիրաղբյուրում «գյուլլի տակ» բիզնես դրած գործարարին. Պետությունն արտոնություն չի տալիս
Ներքին Կարմիրաղբյուրի 10-ամյա հերոսը «սկոռոստով հեծանիվ» է ուզում (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները