Ստամբուլի Գեզի զբոսայգում պատրաստվում են վերականգնել Հայոց ցեղասպանության հուշարձանը
«Ոչ ասա ռասիզմին և ազգայնամոլութանը» նախաձեռնող խումբը պատրաստվում է Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգում 1919-ին կանգնեցված, իսկ հետո ապամոնտաժված հուշարձանի տեղում նորը տեղադրել:
Նախաձեռնության մամուլի խոսնակ Ջենգիզ Ալգանը նշել է, որ այդ հուշարձանը ժամանակին տեղադրվել է` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, և չպետք է թույլ տալ, որ անցյալը մոռացվի:
Ալգանը նաև հիշեցրել է, որ Գեզի զբոսայգու տարածքը և հարակից զորամասի մի հատվածը ժամանակին հայապատկան է եղել. 1560-ին սուլթան Սուլեյման Քանունին այդ հողատարածքը որպես երախտագիտության նշան նվիրել է հայկական համայնքին, քանի որ հայ խոհարարը փրկել էր սուլթանի կյանքը: Այդ տարածքում հայկական գերեզմանատուն է եղել:
«1940-ականներին քեմալական դիկտատուրան հայերից խլեց այդ տարածքը: Գեզի զբոսայգու աստիճանահարթակները հայկական շիրմաքարերից են պատրաստվել»:
«Հայերին կոտորել են: Բայց տասնյակ հազարներով մնացել են ու փորձում են այս հողերում կոտորված իրենց պապերի ողբերգությունն ապացուցել: Մենք էլ նպատակ ունենք ցեղասպանության մասին հիշեցնել, իրականությունը չթաքցնել և չիմացողներին էլ այդ մասին տեղեկացնել: Ցանկանում ենք Գեզի զբոսայգի եկողներին տեղյակ պահել, որ 1919-ին այդտեղ ցեղասպանության հուշարձան է եղել: Հույս ունենք, որ մի գեղեցիկ օր իսկական վայրում կկանգնեցվի ցեղասպանության հուշարձան»,- ըստ «demokrathaber» լրատվական կայքի`ասել է Ջենգիզ Ալգանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու