Թուրքիայի ԱԳՆ կոչ է անում Վատիկանին զերծ մնալ քայլերից, որոնք անդառնալի հետևանքներ կարող են ունենալ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Հռոմի Պապի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը: Այս մասին հայտնում է «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր)լրատվական կայքը:
Թուրքիայի արտաքին գերատեսչության կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Օսմանյան կայսրության վերջին տարիներն ամբողջ կայսրության համար ողբերագական են եղել և թուրքերը, հայերը և այլ ազգերը շատ դառնություններ են ապրել: Անհրաժեշտ է ընկալել այդ ժամանակաշրջանի բոլոր կողմերը և հարգանք ցուցաբերել մեծ թվով զոհերի հանդեպ: Այդ պատճառով Թուրքիան առաջարկել է թուրք և հայ պատմաբանների մասնակցությամբ համատեղ հանձնաժողով ստեղծել, Հայաստանի և այլ երկրների արխիվներում 1915 թ դեպքերը ուսումնասիրել և ապա հետազոտության արդյունքները միջազգային հանրությանը ներկայացնել: Սակայն հայկական կողմի հայացքը պատմությանը կողմնակալ է և միայն հայերի ողբերգությունն է ներկայացնում: Հայկական կողմը տեղի ունեցածը տարբեր ձևերով չափազանցնում է ` ջանալով ներկայացնել որպես ցեղասպանություն` միջազգային իրավունքում ամրագրված հանցագործություն: Պապից ակնկալվում է, որ իր հոգևոր պաշտոնի պատասխանատվության շրջանակներում, պատմական իրադարձություններից թշնամություն սերմանելու փոխարեն համաշխարհային խաղաղության մեջ ներդրում ունենա»:
Աղբյուրը նշում է, որ օրերս Անկարայում Վատիկանի դեսպանը հրավիրվել է արտգործախարարություն: Նրան ասվել է, որ Հռոմի պապի հայտարարություններն Անկարայի կողմից անընդունելի են և կոչ է արվել Վատիկանին զերծ մնալ քայլերից, որոնք երկկողմ հարաբերություններում անդառնալի հետևանքներ կարող են ծնել:
Հունիսի 3-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունել է հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես Բեդրոս XIX պատրիարքին և նրա հետ Հռոմ ժամանած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում պատվիրակության ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն են: Հռոմի պապն ի պատասխան ասել է. «20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը հայերի նկատմամբ է իրականացվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան