Մինչև հիմա շոկի մեջ եմ. «Շանթ» հեռուստաընկերությունը Արմեն Դուլյանին հեռացրել է աշխատանքից
Լրագրող, հեռուստահաղորդավար Արմեն Դուլյանին աշխատանքից ազատել են իր ֆեյսբուքյան գրառման պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արմեն Դուլյանը: Նա ասել է նաև, որ երեկ, հունիսի 10-ին, հեռուստատեսության ղեկավարությունը տեղեկացրել է, որ ինքն այլևս աշխատանքի չգա, քանի որ նրան աշխատանքից ազատելու որոշում է կայացվել:
Ըստ աղբյուրի, աշխատանքից ազատելու պատճառն էլ ֆեյսբուքյան գրառումն է: Գրառման մեջ նա անդրադարձել է այն փաստին, որ Ռուսաստանում Հանրային հեռուստատեսությամբ, որը նոր է ստեղծվել, թույլ չեն տվել հումորի ժանրում անդրադառնալ Պուտինի ապահարզանի թեմային: «Ես զուգահեռներ էի անցկացրել և կարծիք հայտնել, որ Հայաստանում նույն իրավիճակն է և այն չինովնիկները, հեռուստապատասխանատուները, որոնք զբաղվում են այդ հարցով մոտավորապես նույն սահմանափակ մտածողությունն ունեն, ինչ-որ Ռուսաստանում: Այսինքն` պետք չէ զարմանալ: Չգիտես ինչու հեռուստատեսության ղեկավարությունը, որը ինձ համար շշմեցուցիչ էր, դա իր վրա էր վերցրել, որը տարօրինակ էր: Մինչև հիմա շոկի մեջ եմ: Ինչպես կարող է հեռուստատեսության ղեկավարությունը կարծել, որ ես որպես աշխատող, փող ստացող մի ընկերությունից կարող եմ նման վիրավորական բան ասել հեռուստատեսության ղեկավարության մասին: Խոսքը նրա մասին էր, որ իշխանական մարմինները վերահսկում են բոլոր հեռուստատեսությունները ինչպես մեզ, այնպես էլ նրանց մոտ»,-ասել է Դուլյանը:
«Շանթ» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Աղաս Հունանյանը լրատվամիջոցին հրաժարվել է պատասխանել, թե ինչու է աշխատանքից ազատվել Արմեն Դուլյանը, միայն նշելով, որ Դուլյանն աշխատանքից ազատվել է հեռուստաընկերության հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով: