Տնօրինություն. Դիլիջանում կառուցվում է միջազգային և ոչ թե «օտարալեզու դպրոց»
Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրինությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացնում է որոշ փաստեր ծրագրի վերաբերյալ: Նշենք, որ այս պահին Ազգային Ժողովում թեժ մթնոլորտում քննարկվում է Կառավարության ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է դպրոցին հարկային արտոնություններ տրամադրել.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Ազգային Ժողովում քննարկվում է Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային արտոնություններ տրամադրելու ՀՀ կառավարության ներկայացրած օրինագիծը, հարկ ենք համարում ներկայացնել դպրոցի մասին հիմնական փաստերը և շեշտել, որ Դիլիջանում կառուցվում է միջազգային և ոչ թե «օտարալեզու դպրոց»:
Դիլիջանի միջազգային դպրոցը լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է, որը նորովի կներկայացնի Հայաստանը աշխարհի կրթօջախների քարտեզի վրա՝ ստեղծելով ավելի քան 60 երկրներից տարբեր ազգությունների աշակերտների ներհոսք Հայաստան։
Դիլիջան միջազգային դպրոցի ծրագիրը ուղղված է նաև Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, քաղաքի բնապահպանական կայուն զարգացմանը, լայնածավալ սոցիալական ծրագրերի իրականացմանը, քաղաքի ենթակառուցվածքների արդիականացմանը և դրանց հետագա զարգացման խթանմանը։
(Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի հիմնադիրներ են ռուսաստանաբնակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը` տիկնոջ հետ): Դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներն են կրթության ոլորտի և բիզնեսի ականավոր ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից: Վերջերս դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրվեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ և ֆինանսական տնօրեն Մանֆրեդ Շեփերսը:
Դիլիջանի միջազգային դպրոցի դռները կբացվեն 2014 թ-ի սեպտեմբերին։ Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց քանակը 2023-ին կհասնի 650-ի՝ առնվազն 60 երկրներից: Դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կկազմի մոտ $30 հազար, սակայն աշակերտների 70 տոկոսը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:
Հայաստանցի շնորհալի ու տաղանդավոր երեխաները կազմելու են Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտների 10-12տոկոսը: Բացի դրանից սփյուռքի հայ համայնքներից դպրոցում ուսանող աշակերտների տոկոսը կկազմի մոտ 30 տոկոս։
Դիլիջանի միջազգային դպրոցը հնարավորություն կտա աշակերտներին շարունակելու կրթությունը աշխարհի առաջատար համալսարաններում: Դպրոցում կիրառվելու են լավագույն միջազգային կրթական ծրագրերը.
- IB Diploma (Միջազգային բակալավրիատ) 16-ից 19 տարեկան աշակերտների համար՝ նախահամալսարանական կուրս: Այս ուսումնական ծրագիրը կսկսի գործել 2014 թ-ից;
- Cambridge IGCSE (միջնակարգ կրթության մասին միջազգային ատեստատ) 13-ից 16 տարեկան աշակերտների համար: Այս ուսումնական ծրագիրը կսկսի գործել 2017 թ-ից։
Սպասվում է, որ ս.թ. հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը կդառնա United World Colleges (UWC) ցանցի լիիրավ անդամ, ինչը թույլ կտա սաներ համախմբել ավելի քան 100 երկրներից: United World Colleges համակարգը ներկայումս ներառում է 12 ուսումնական հաստատություններ ողջ աշխարհում, որոնք ամեն տարի հյուրընկալում են տարբեր ազգության երիտասարդների: Նրանց ընտրությամբ զբաղվում է ազգային հանձնաժողովների ցանցը 140 երկրներում:
Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրենի պաշտոնում հաստատվել է Քոլին Ջենքինսը, ով ավելի վաղ զբաղեցնում էր Ուելսում (Մեծ Բրիտանիա) UWC Atlantic College-ի տնօրենի պաշտոնը, իսկ մինչ այդ ակտիվ մասնակցություն է ունեցել Մաաստրիխտում, Սինգապուրում և Կոստա-Ռիկայում UWC քոլեջների կայացման գործում:
Դիլիջանի միջազգային դպրոցը ծավալուն բարեգործական նախաձեռնություն է ավելի քան 135 մլն դոլար (առանց հարկերի) բյուջեով միայն կապիտալ շինարարության համար։ Ընդ որում, շինարարության առաջին փուլի՝ IB ծրագրի համար անհրաժեշտ կառույցների արժեքը կկազմի 82 մլն դոլար, երկրորդ փուլի՝ IGSCE ծրագրի համար անհրաժեշտ կառույցների արժեքը՝ 15 մլն դոլար, իսկ երրորդ փուլում նախատեսվում է կառուցել տարածաշրջանում լավագույն բեմարվեստի կենտրոնը, որի արժեքը կկազմի 40 մլն դոլար:
Դպրոցի գործառնական ծախսերի գերակշիռ մասը ֆինանսավորվելու է նվիրատվությունների հիմնադրամի հաշվին։ Դպրոցի տարեկան գործառնական ծախսերը (2014 թ. սկսած) կկազմեն 3 մլն դոլար, և մոտակա 10 տարվա ընթացքում կաճեն մինչեւ 12 մլն դոլար , որոնց մեծ մասը (60 տոկոսը) կիրացվի Դիլիջանում։
Բացի շինարարության համար նախատեսված ծախսերից, ծրագրվում է հիմնել նվիրատվությունների հիմնադրամ (endowment fund), որի տոկոսային եկամուտները կուղղվեն կրթաթոշակների, գործառնական ծախսերի, դպրոցի զարգացման համար: Աշակերտների 70 տոկոսին կրթաթոշակենրով շարունակական ապահովելու համար նախատեսվում է այդ հիմնադրամ հավաքագրել 250 մլն դոլար։
Հիմնադիրներից բացի, ծրագրին աջակցում է դոնորների միջազգային խումբ՝ Գագիկ Ադիբեկյան, Զիյավուդին Մագոմեդով, Օլեգ Մկրտչյան, Վիկտոր Վեկսելբերգ, Անդրեյ Դոնսկիխ, Ալիշեր Ուսմանով, Սուլեյման Քերիմով, Մարկ Կուրցեր, Դանիլ Խաչատուրով, Մայքլ Օբերմայեր, Անատոլի Չուբայս, Սամվել Կարապետյան, Անդրեյ Շառոնով, Սերգեյ Սարկիսով և ուրիշներ։
Դպրոցի շենքը, բացի ուսումնական մասնաշենքերից ու կացարաններից, ներառում է նաև փակ լողավազան, մարզահրապարակներ, բեմարվեստի կենտրոն, գիտա-փորձարարական համալիր և բժշկական կենտրոն: Բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինի կողմից մշակված ծրագիրն ընդհանրացրել է աշխարհի՝ վերջին 20 տարիներին կառուցված ավելի քան 40 դպրոցների փորձը: Այն իրականացվում է համաշխարհային բարձրագույն չափանիշների ու տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք գործածվում են դպրոց-համալիրների շինարարության համար: Շինարարության մեջ օգտագործվում են նորագույն նյութեր և տեխնոլոգիաներ, որոնց մեծ մասը նախկինում Հայաստանում չի կիրառվել: Թիմ Ֆլինը փորձել է Դիլիջանի շինությունների ավանդական ոճին համադրել ժամանակակից ճարտարապետական միտումները: Դպրոցի շենքը, որը սահմանակից է Ազգային պարկին, օրգանապես համապատասխանում է լանդշաֆտին: Շենքերի տանիքները ծածկված են կանաչ գազոնով և հիշեցնում են ալպիական մարգագետիններ, որոնցով հայտնի է Դիլիջանը:
«Դիլիջանի միջազգային դպրոց» հիմնադրամը տեխնիկական հանձնարարական է մշակում Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակելու նպատակով միջազգային մրցույթ հայտարարելու համար: Հիմնադրամը նաև նախատեսում է վերանորոգել Դիլիջանի քաղաքային այգին՝ մշակութային և այլ միջոցառումներ անցկացնելու համար: Բացի այդ, հիմնադրամը ֆինանսավորում է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների համար անգլերեն լեզվի դասընթացներ անցկացնելու համար»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա