Տարոն Մարգարյանը երդվեց (տեսանյութ)
Երևանի ավագանու հանդիսավոր նիստում րոպեներ առաջ տեղի ունեցավ Տարոն Մարգարյանի երդման արարողությանը:
Նիստին մասնակցում էին ՀՀ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ԱԺ նախագահը, վարչապետը, Երևանի նախկին քաղաքապետերից Մուրադ Մուրադյանը, Ռոբերտ Նազարյանը, Երվանդ Զախարյանը, Գագիկ Բեգլարյանը, պետական, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:
Նշենք, որ ավագանու նիստին չէր մասնակցում «Բարև Երևան» խմբակցությունը, որի անդամներն այս նույն պահին մամուլի ասուլիս էին հրավիրել Ազատության հրապարակում:
Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը երդվեց քաղաքապետի լիազորությունները իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչներին:
«Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին: Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»,- խոստացավ Տ.Մարգարյանը:
Նա երդման տեքստն արտասանեց ձեռքը «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքին դրած: Երդվելուց հետո Երևանի պատվավոր քաղաքացի, Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը Երևանի քաղաքապետի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան՝ հայոց տասներկու մայրաքաղաքների անվանատառերով, հանձնեց նորընտիր քաղաքապետ Տ.Մարգարյանին:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Տարոն Մարգարյանը քաղաքապետի լիազորությունները ստանձնել է 2011-ի նոյեմբերի 15-ին: