Ստամբուլի ոստիկանությունը ցուցարարներից «գրավել է» Թաքսիմի հրապարակը
Ստամբուլի ոստիկանությունը, ինչպես նախապես լրատվամիջոցներին տեղեկացրել էր, Գեզի զբոսայգու ուղղությամբ որևէ գործողություն չի իրականացրել, այլ Գյումյուշսույի և Հարբիեի կողմից մուտք է գործել Թաքսիմի հրապարակ: Ոստիկանները Թաքսիմի հրապարակում հավաքված ցուցարարների վրա կրակել են պլաստմասե փամփուշտներով, օգտագործել են նաև արցունքաբեր գազ: Ցուցարարները, փորձել են դիմադրություն ցույց տալ, արգելապատնեշի հետևից քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ:
Ինչպես հայտնում է «Ermenihaber.am» լրատվականը, ոստիկանական ստորաբաժանումները Թաքսիմի հրապարակում գտնվող ցուցարարների խմբերին հորդորել են հետ քաշվել դեպի Գեզի զբոսայգի և բողոքի միջոցառումներն այնտեղ շարունակել: Միևնույն ժամանակ ոստիկանությունն առաջին անգամ ներողություն է խնդրել արցունքաբեր գազ կիրառելու համար:
Թաքսիմի հրապարակում գտնվող Աթաթուրքի անվան մշակույթի կենտրոնի (AKM) վրա ցուցարարների փակցրած պաստառները ոստիկանները հանել են` թողնելով միայն Աթաթուրքի նկարը և Թուրքիայի դրոշը: Շենքի վերին հարկերում արդեն տեղակայվել են ուժայինները:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արտասվաբեր գազ, ջրցան մեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն` կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 4 զոհ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու