Իրանի նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով. Իրանագետի մեկնաբանությունը
Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին երկու օր ժամանակ է մնացել: Այսօր նախընտրական քարոզչության վերջին օրն է: Իրանում տիրող նախընտրական ներկա իրավիճակի և հաղթելու շանսեր ունեցող թեկնածուների վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:
-Խնդրեմ հակիրճ ներկայացրեք, ինչպե՞ս անցավ քարոզարշավը:
-Քարոզարշավը հիմնականում անցավ խաղաղ պայմաններում, բոլոր թեկնածուների մասնակցությամբ երեք անգամ տեղի ունեցավ բանավեճ-քննարկում, որի ընթացքում թեկնածուներն ընտրողներին ներկայացրեցին իրենց ծրագրերն ու դիրքորոշումները: Իրանական մամուլն էլ ընդհանուր առմամբ հավասարաչափ լուսաբանեց թեկնածուների քարոզարշավը:
-Նախորդ հարցազրույցում նշեցիք, որ հնարավոր է, որ պահպանողական և բարեփոխական ուժերը ներկայացնող թեկնածուները միավորվեն, համաձայնության եկա՞ն:
-Թեև պահպանողականները հայտարարել էին, որ ընտրություններին հանդես կգան միասնական թեկնածուով, սակայն Սայիդ Ջալիլիի՝ խաղի մեջ մտնելուց հետո նրանց ծրագրերը խառնվեցին: Սակայն, Հադդադ Ադելը, հավատարիմ մնալով իր խոստմանը, նախընտրական քարոզարշավի վերջին փուլում հանեց իր թեկնածությունը: Հակառակ պահպանողականներին՝ բարեփոխականների պարագայում կարծես թե միավորման գործընթացը արդյունք տվեց: Մոհամմադ Ռեզա Արեֆը ի օգուտ Հասան Ռոհանիի՝ հանեց իր թեկնածությունը:
-Իսկ ո՞ր թեկնածուն հաղթելու շանսեր ունի:
-Գիտեք, պահպանողականների կողմից ոչ միասնական ձևով հանդես գալը բավականին ազդեց նրանց վարկանիշի վրա: Իմ դիտարկմամբ՝ ողջ քարոզարշավի ընթացքում պահպանողականներից Վելայաթին բավականաչափ համոզիչ քարոզարշավ էր իրականացնում` բոլոր խնդիրներին տալով հստակ գնահատականներ, իսկ Ղալիբաֆը կարծես թե խաղում էր պահպանողականների և բարեփոխականների արանքում՝ այդ կերպ փորձելով երկու կողմից էլ քվեներ բերել: Մյուս կողմից էլ, երբ նախկին նախագահներ Ռաֆսանջանին և Խաթամին հայտարարեցին, որ պաշտպանում են Հասան Ռոհանիի թեկնածությունը, կարծում եմ առաջին փուլով հաղթելու պահպանողականների շանսերը նվազեցին: Վերլուծելով առկա քաղաքական իրավիճակը, և դատելով տարբեր կայքերի և սոցիոլոգիական կենտրոնների կողմից անցկացված սոցհարցումներից՝ կարծում եմ, ընտրությունները կանցնեն երկու փուլով, որտեղ կմրցեն Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ռոհանին:
Նախորդող հարցազրույցներ՝
Իրանի նախագահական ընտրապայքարի ինտրիգն ավարտվեց. Ռաֆսանջանին և Մաշային չեն մասնակցի քարոզարշավին
Իրանում նախագահական ընտրություններից հետո հետընտրական ցնցումների հավանականությունը քիչ է. Իրանագետի մեկնաբանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները