«Փող բերող գործերը հայերի ձեռքում էին». Թուրք լրագրողը` իր մանկության գյուղաքաղաքի մասին
«Ermeniaber.am»-ը ներկայացնում է թուրքական «Բոլուէքսպրես» էլեկտրոնային լրատվականում հրապարակված Ջենգիզ Փոյրազի «Մանկությանս գյուղաքաղաք Նալլըհանը և հայերը» հոդվածը, որտեղ պատմվում է Նալլըհան գյուղաքաղաքի կյանքը, երբ այնտեղ դեռ հայեր էին բնակվում: Հեղինակն օգտվել է Շեներ Մեսութի «Նալլըհանի գիրքը» ստեղծագործությունից:
Հոդվածը`ստորև.
«1014-1015 թաթար Ալի Չավուշի կողմից կառուցված հսկա արհեստանոցը մզկիթի և բաղնիքի հետ միասին մի մեծ համալիր էին կազմում: Արհեստանոցը և շրջակա գյուղաքաղաքը կարծես արդյունաբերական շուկա լինեին: Դարբին, թիթեղագործ, դանակագործ, պղնձագործ. բոլորն էլ հավաքվում էին արհեստանոցում ու դրա շուրջ:
Մինչև 1921 թվականի հայերի բռնագաղթը Նալլըհանի բնակչության զգալի մասը հայեր էին: Գյուղաքաղաքի հարավային լանջում հայկական թաղամասն էր: Նրանցից մնացել էր լքված մի եկեղեցի, որը մինչև 1970-ականները կանգուն մնաց, բայց զոհ գնաց գանձ որոնողնորի ագահությանը: Քանդեցին: Այսօր մնացել է հիմքերն ու այգին: Տատս պատմում էր, որ հայերը արվեստագետներ էին հրավիրում ու եկեղեցու հետևի դպրոցում համերգներ կազմակերպում: Որքան տատս գիտեր՝ մի ժամանակ իրենց համերգներով ամբողջ Նալլըհանը թնդացնող հայերը ֆինանսապես բավական լավ վիճակում էին գտնվում: Փող բերող գործերը՝ առևտուրը, այգեգործությունը, մետաքսի ֆաբրիկան, վարդի յուղի ֆաբրիկան, ոսկերչությունը, նրանց ձեռքում էին:
Հետևաբար Նալլըհանի ամենագեղեցիկ ու շքեղ տները հայերն էին կառուցում: Հայերի գնալուց հետո այդ տներն անցան քաղաքի առաջատարների ձեռքը:
Սրճարանի անմիջապես հետևում գտնվող մեծ այգի ունեցող եռահարկ մի հայկական առանձնատունն օգտագործվում էր որպես կառավարական շենք: Այնուհետև քանդվեց և տեղում կառուցվեց ներկայիս վարչական շենքը: Այսօր որպես քաղաքապետարանի շենք հանդիսացող շինությունը ևս իրականում հայի տուն է եղել: Գաղթից հետո դատարկված տանը տեղակայվել էր Սաքարիայի նախակրթարանը: Նախակրթարանի՝ նոր շենք տեղափոխվելուց հետո այն օգտագործվում էր որպես կանացի արվեստի դպրոց: Այս բոլոր կերպարանափոխումներից հետո էլ շենքը դարձավ քաղաքապետարան:
Նալլըհանի տոնավաճառը, սկսած վաղ ժամանակներից, կազմակերպվում էր երկուշաբթի օրերին: Այն ժամանակ այսօրվա նման տեսակ-տեսակ մեքենաներ չկային. գյուղացիները շուկա էին գալիս կամ հին բեռնատարի թափքին նստած, կամ իրենց ապրանքները անասունների վրա բարձած: Տոնավաճառ բերվող բոլոր մրգերն ու բանջարեղեններն օրգանական էին: Այն ժամանակ ո՛չ թունաքիմիկատ կար, ո՛չ էլ պարարտանյութ: Լոլիկը լոլիկի նման էր բուրում, վարունգը` վարունգի: Երանի հնարավոր լիներ նկարագրել այն ժամանակվա հոտերը, ես էլ նկարագրեի:
Բոլորը վաճառում էին շուկա բերած ապրանքները, գոյացած գումարով գնում աղ, շաքար, կերոսին, լամպի ապակի, ձեթ և այլ ապրանքներ ու վերադառնում:
Ձեթը նպարավաճառների մոտ չէր վաճառվում: Մեծ արհեստանոցի դիմացի հրապարակի ամենաբարձր անկյունում Մուդուրնույից եկած մի ձեթ վաճառող մեծ տակառների մեջ լցրած կակաչի, քնջութի ու բամբակի ձեթը վաճառում էր` չափելով ձեռքի մեկ լիտրանով տարայով:
Նալլըհանի կենցաղի մասին պատմելու շատ հիշողություններ կան, սակայն այսքանով ավարտելով` ուզում եմ ասել. անցյալի հիշողություններ կան, որ աշխարհ արժեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու