Բարեկամության հռչակագիր՝ Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո և Արցախի Մարտունի քաղաքների միջև
Ֆրանսիայում այցով գտնվող ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հունիսի 10-ին այցելեց Մարսելի հայ առաքելական եկեղեցի և հանդիպեց ծխական խորհրդի անդամների հետ: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Այնուհետև Կ. Միրզոյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի՝ Մարսելի մասնաճյուղի անդամների հետ:
Նույն օրը երեկոյան ԼՂՀ ԱԳ նախարարի պատվին ընդունելություն կազմակերպվեց Մարսելի քաղաքապետարանում, որին ներկա էին Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ, քաղաքական գործիչներ, տեղական իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ: Իր ելույթում Կարեն Միրզոյանը գոհունակություն հայտնեց Մարսել քաղաքի և ԼՂՀ միջև հաստատված բարեկամական կապերի կապակցությամբ և կարևորեց դրանց զարգացման և խորացման անհրաժեշտությունը:
Հունիսի 11-ի առավոտյան ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն այցելեց Մարսելի հայկական Համազգային դպրոց, որտեղ հանդիպեց մանկավարժական կազմի, վարչական խորհրդի անդամների, ծնողների և աշակետների հետ:
Այդ օրը Լե-Պեն-Միրաբո քաղաքում Կ. Միրզոյանը մասնակցեց քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում բարեկամության հռչակագիր ստորագրվեց Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո և Արցախի Մարտունի քաղաքների միջև:
Հռչակագիրը ողջունում է ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն և զարգացնելուն ուղղված Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը և անընդունելի է համարում Արցախի ժողովրդի մեկուսացումը: Հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության և ժողովրդավարական արժեքների բացարձակ կարևորությունը՝ կողմերը հռչակում են բարեկամական կապերի հաստատումը երկու քաղաքների միջև և դրանց միջոցով կրթության, մշակույթի, սպորտի, առևտրի և տեղական կառավարման ոլորտներում ծրագրերի իրականացումը»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան