Global Peace Index. Տարածաշրջանում Հայաստանն ամենախաղաղասերն է
«Խաղաղասիրության միջազգային ինդեքս 2013» զեկույցում (Global Peace Index 2013) Հայաստանը 162 ուսումնասիրված երկրների շարքում զբաղեցնում է 98-րդ հորիզոնականը, նախորդ տարվա համեմատ 17 հորիզոնականով բարելավելով իր դիրքերը վարկանիշային աղյուսակում: Այս մասին են վկայում «visionofhumanity.org» կայքում զետեղված զեկույցի արդյունքները:
Խաղաղասիրության միջազգային ինդեքսը ամեն տարի կազմվում է Սիդնեյի համալսարանի փորձագետների կողմից՝ աշխարհի առաջատար ինստիտուտներից կազմված սոցիոլոգների և տնտեսագետների խմբի աջակցությամբ:
Ուսումնասիրությունը 23 չափորոշիչներով դիտարկել է աշխարհի 162 երկիր՝ նկատի ունենալով, առաջին հերթին, հասարակական անկարգությունները, բռնության մակարդակը, ռազմական ծախսերը, ներգրավվածությունը զինված հակամարտություններում և հարաբերությունները հարևան երկրների հետ:
Ընդհանուր առմամբ, այս տարվա զեկույցում նշվում է, թե խաղաղասիրության մակարդակը աշխարհում նախորդ տարվա համեմատ նվազել է, ինչի մասին են վկայում շատ երկրներում ինքնասպանությունների դեպքերի քանակը, ռազմական ծախսերի աճն ու քաղաքական անկայությունը: 2008 թ-ից մինչ օրս աշխարհում 5%-ով նվազել է խաղաղության մակարդակը: Այս առումով Եվրոպան շարունակում է մնալ ամենաբարենպաստ տարածաշրջանը: Ամենախաղաղասեր 20 երկրներից 13-ը գտնվում են հենց եվրոպական մայրացամաքում:
Աշխարհի ամենախաղաղասեր երկրների առաջին հնգյակը, ըստ Սիդնեյի համալսարանի հետազոտողների, զբաղեցնում են, համապատասխանաբար, Իսլանդիան, Դանիան, Նոր Զելանդիան, Ավստրիան և Շվեյցարիան
Հակամարտություններում ներգրավված երկրները՝ Աֆղանստանը, Սոմալին, Սիրիան, Իրաքն ու Սուդանը եզրափակում են աղյուսակը: Ցանկում ամենամեծ անկումը զեկույցի պատմության մեջ արձանագրել է Սիրիան՝ 147-րդ հորիզոնականից իջնելով 160-րդ հորիզոնական:
Տարածաշրջանի երկրներից Ադրբեջանը 126-րդն է, Թուրքիան՝ 134-րդը, Վրաստանը՝ 139, Իրանը՝ 137-րդը, Ռուսաստանը՝ 155-րդը:
Հետազոտության համաձայն, Միացյալ Նահանգները 162 երկրների շարքում խաղաղասիրության մակարդակով զբաղեցնում է 100-րդ հորիզոնականը, ինչը պայմանավորված է այդ երկրում բանտարկյալների մեծ թվով ու ծանր զինամթերքի ու միջուկային արսենալների առկայությամբ: Բացի այդ նշվում, թե ԱՄՆ-ն ներգրավված է մի քանի զինված հակամարտություներում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին