Հայրիկյանի այսօրվա ցուցմունքից. «Պատվեր կատարողները իրենց երեխաների ապագայի վրա էին կրակում» (տեսանյութ)
«Դեպքից օրեր առաջ մի քանի անգամ իմ կողմնակիցներից ահազանգ ստացա, նրանք ասում էին, թե ինձ հետևող մեքենաներ կան: Ես մտածում էի, որ անցել են այն ժամանակները, երբ Պարույր Հայրիկյան քաղաքական գործչի նկատմամբ մահափորձով կարող են հարցեր լուծել: Մշտապես օրինական զենք եմ կրել, բայց հենց այդ ժամանակ չէի կրում՝ մտածելով այլ փուլ ենք մտել»,-այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալու ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Քաղաքական գործիչը ցուցմունք էր տալիս այս տարվա հունվարի 31-ին իր նկատմամբ կատարված մահափորձի գործով դատավարության ժամանակ: Այս գործով մեղադրյալներ են Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, Խաչատուր Պողոսյանը և Սամվել Աբրահամյանը:
Հայրիկյանը ցուցմունքի ժամանակ ներկայացրեց, որ հունվարի 31-ին, դեպքի օրը, երբ տուն վերադառնալիս է եղել, մինչև բակ մտնելը մի մեքենա է նկատել: Իր մեքենայից իջնելուց հետո հիշել է, որ պայուսակը չի վերցրել և հետ է վերադարձել ու վերցրել այն: «Այդ ժամանակ տեսա մեկին, որ ձեռքը մեկնել էր վրաս, զենք չէր երևում, ինչ-որ բանով փաթաթված ձեռքը տեսնելով , հասկացա` ինչն ինչոց է, հարց տալու ժամանակ չկար, ես գոռացի՝ հե՜յ ու հնչեց կրակոց: Բղավելուց միաժամանակ ցավ զգացի ու հետ շպրտվեցի: Պայուսակը ընկավ, սկսեցի կտրուկ շարժումներ անել, աջ ու ձախ ցնցվեցի ու գոռացի՝ օգնեցեք: Հետո նորից կրակեց: Հետո կրակողը վազելով փախավ, ես էլ մտա շքամուտք»,- դեպքից դրվագը ներկայացրեց Հայրիկյանը: Այնուհետև նայելով դեպի ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի կողմը, ասաց, որ իր վրա կրակողը եղել է նա: Ինչ վերաբերում է ամբաստանյալ Վարդան Սեդրակյանին, Հայրիկյանն ասաց, որ նրան չի ճանաչում:
Հայրիկյանը նաև անդրադարձավ իր` ավելի վաղ արած հայտարարությանը, թե իր նկատմամբ մահափորձ կատարած անձը սլավոնական արտաքին ունի. նա ասաց, որ դեպքից երեք օր առաջ իրենց շքամուտքում տեսել է մի երիտասարդի, որը գրավել է իր ուշադրությունը տարօրինակ պահվածքով և զարմանալի է համարել, որ չի բարևել իրեն: Այնուհետև հիվանդանոցում նա հիշել է այդ տղային և իրեն թվացել է, թե նա է իրեն կրակել, իսկ հետո պարզվել է, որ այդ տղան որևէ կապ չի ունի այս ամենի հետ:
«Սա քաղաքական նկատառումներով կատարված սպանության փորձ էր: Ես համարում եմ, որ պատվեր կատարողները չեն հասկացել, թե ինչ են անոմ և ում վրա են կրակում, որովհետև իրենք իրենց երեխաների ապագայի վրա էին կրակում: Իմ գաղափարների դեմ է ուղղված եղել այդ մահափորձը»,-հայտարարեց Հայրիկյանը:
Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը հայտարարեց, որ սպանելու մտադրություն չի ունեցել, հակառակ դեպքում մի քանի անգամ կկրակեր: «Աֆղանստանում կռված տղեն ո՞նց կարող էր վրիպել», -ասաց Պողոսյանը:
«Բոլոր մարդիկ Աստծո կամոք եմ ապրում և մահանում, իսկ եթե ամբաստանյալը ցանկացել է պարզապես վախեցնել, և ոչ թե սպանել, ապա վախեցնելը դա նույն ահաբեկելն է, ինչն առավել ծանր հանցագործություն է: Նրանք, ովքեր այդ պատվերը տվել են, գոնե գիտեին, որ Հայրիկյանը վախեցողներից չէ»,-արձագանքեց Պարույր Հայրիկյանը:
Թեմային առնչվող.
Մեղադրյալը դատարանում հայտարարել է, որ Սեդրակյանը Հայրիկյանի դեպքի հետ կապ չունի
«Արյունը շիթի նման հոսում էր». Ցուցմունք է տվել Հայրիկյանի կինը (Լուսանկարներ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները