Ս.Մինասյան. Եթե ասում ենք, որ ռուսները լավը չեն, ինչո՞ւ ենք նեղանում…
«Եթե մենք ասում ենք, թե ռուսները լավը չեն, ապա ինչու ենք նեղանում, որ այլ երկիր փորձում է մեզ հետ հարաբերություններում ունենալ շուկայական պայմաններով հաստատված հարաբերություններ: Միաժամանակ մենք մոռանում ենք, որ Հայաստանը, անգամ գազի թանկացման պարագայում, ԱՊՀ տարածքում շարունակում է մնալ երկրորդ երկիրը, որ նման գնով է գազ ստանում»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը` անդրադառնալով գազի գնի թանկացմանը հայ-ռուսական ջերմ հարաբերությունների կոնտեքստում:
Նրա խոսքով, իհարկե սպասելի էր, որ Ռուսաստանը կշարունակի մեզ ավելի մատչելի գնով գազ վաճառել, սակայն քաղաքականության մեջ ամեն ինչ չէ, որ հիմնված է բարի ցանկությունների վրա: Միևնույն ժամանակ, նա հորդորեց, պետք չէ մոռանալ, որ վերջին շրջանում հատկապես ավելացել է ՌԴ կողմից Հայաստանին այլ ոլորտներում, հատկապես ռազմա-քաղաքական ոլորտում ցուցաբերող աջակցությունը.
«Հայ-ռուսական հարաբերություններում բացի գազից ու զենքից, մենք չպետք է մոռանանք նաև այն, որ ՌԴ-ն Հայաստանի համար եզակի դաշնակից է` աշխարհի այլ երկիր չգիտեմ, որ պատրաստ է մեզ անվճար զենք մատակարարել… ես ինքս չգիտեմ, թե ինչ նշանակություն ունի Հայաստանը Ռուսաստանի համար, որ միլիարդների զենք է ստանում նրանից արդեն երկու տասնամյակ»,- նշեց Ս.Մինասյանը: