Ֆրանսիայում գործող «Սաթէ-Աթղը» թատերական միությունը հայ հանդիսատեսին ներկայացնելու է Հ. Թումանյանի հեքիաթները
Այս տարի Ֆրանսիայի Ռոն-Ալպ տարածաշրջանը հայտարարել է Հայաստանի հետ համատեղ աշխատանքային ծրագրերի առաջարկների մրցույթ: Ֆրանսիայում գործող «Սաթէ-Աթղը» թատերական միությունը ցանկություն է հայտնել մասնակցելու այդ մրցույթին` հայկական հեքիաթների բեմադրությամբ: Բեմադրվել են Հովհաննես Թումանյանի հեքիաթները` «Անխելքը մարդը», «Սուտասանը», «Մի կաթիլ մեղրը», «Բարեկենդանը», «Կիկոսի մահը», «Քաջ Նազար»: Այս մասին ասուլիսում հայտարարեց նախագծի պատասխանատու և ղեկավար, բեմադրիչ Սաթենիկ Խաչատրյանը: Նա նաև տեղեկացրեց, որ համագործակցության շրջանակներում հունիսի 15-ից հուլիսի 15-ը սույն բեմադրությունը ներկայացվելու է Հայաստանում:
Բեմադրության մեջ հանդես է գալիս ծագումով Կարիբյան կղզիներից դերասան-երաժիշտ Յաննիկ Լուին և Սաթենիկ Խաչատրյանը: «Ես Հովհաննես Թումանյանին բացահայտել եմ Սաթիի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ: Բացահայտելով Թումանյանին` հասկացա, որ նա մի արվեստագետ է, որը լայն մտահորիզոն է ունեցել ու համոզված եմ, որ երկրում էլ այդ հեքիաթները պատմելու լինենք, կհասկանան, որ համաշխարհային մեծության գործեր են»,- ասաց Յաննիկ Լուին: Որպես կերպար, շատ է սիրում Քաջ-Նազարին:
Ս. Խաչատրյանն նշեց, որ ինքը հավատարիմ է մնացել «այն Թումանյանին, որով ես մեծացել եմ, ներկայացրել են տատիկս, մայրիկս»: «Ես առաջին անգամ բեմ դուրս եմ եկել Թումանյանի հեքիաթներով: Ինձ համար Թումանյանն այն սնունդն է, որով մեծացել եմ: Ներկայացնում ենք այնպես, ինչպես զգում ենք և կարևորն այն է, որ պատմությունները տեղ հասնեն»,- ասաց Ս. Խաչատրյանը:
Ծրագիրը կընթանա երկու փուլով. համագործակցություն հայաստանյան երկու պետական թատրոնների հետ` Երևան և Գորիս քաղաքներում և բեմադրության ցուցադրություն Սիսիան, Վարդենիս, Սևան, Գավառ, Վանաձոր և Գյումրի քաղաքներում:
Նախատեսվում է մեկ շաբաթյա համատեղ աշխատանք Գորիսի և Երևանի պետական թատրոնների հետ: Աշխատանքը կընթանա հետևյալ սկզբունքով. յուրաքանչյուր թատրոնի երեք դերասանների հետ կաշխատեն մեկ շաբաթ, որի արդյունքում կիրականացնեն Թումանյանի հեքիաթների համատեղ մի բեմադրություն, որն էլ կհանձնեն հանդիսատեսի դատին:
Ներկայացման մեջ հայերեն ժողովրդական երգերից զատ հնչում է նաև կարիբյան ազգային երգ երաժշտություն: Հեքիաթները եռալեզու են` ֆրանսերեն, հայերեն եվ քրեոլ /Կարիբյան կղզիների պետական լեզուն/:
Ս. Խաչատրյանի խոսքով, նման նախագծի կարևորագույն նպատակն է Ֆրանսիայում հայկական մշակույթը ճանաչելի դարձնել և այն տարածել: Հայաստանում նախագիծը նպատակ ունի քաջալերել և զարգացնել ֆրանկոֆոնիան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում