Վարչապետը` օֆշորային գործարքի մասին. «Նման անհեթեթություն իմ մտքով չէր էլ կարող անցնել»
«Ֆինանսական համակարգի հետ փոքր ինչ առնչություն ունեցող մարդը կփաստի, որ սա անհեթեթություն է»,- Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` վերջապես անդրադառնալով օֆշորային գոտում իր անունով ստեղծված ձեռնարկությանը: Հիշեցնենք, մամուլում անդրադարձ եղել է, թե` ՀՀ վարչապետը նման ձեռնարկություն է ստեղծել, նպատակ ունենալով խլել Հայաստանում ինչ-որ մեկի բիզնեսը կամ կառուցել սխեմա, որով իրեն պետք է փոխհատուցեն.
«Սա անհեթեթություն է, որովհետև ավելի անհեթեթ սխեմա մշակել, այն էլ ոլորտի հետ քչից-շատից ծանոթ մարդու կողմից, ուղղակի բացատրությունների ու հիմնավորումների կարիք էլ չի զգում: Նման անհեթեթություն իմ մտքով չէր էլ կարող անցնել»,- հայտարարեց վարչապետը:
Նրա խոսքով, որևէ մեկի համար դժվարություն չի այսօր օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն Նիկոլ Փաշինյանի անունով` չունենալով վերջինիս թույլտվությունը դրա համար: Եվ, ըստ Տ.Սարգսյանի, այդպիսի օրինակները բազմազան են.
«Այո, դա օֆշորային գոտիների առանձնահատկությունն է և այդպիսի ձեռնարկություններ կարելի է ստեղծել ցանկացածի անունով»,- նշեց նա: Ինչ վերաբերում է իր անվան հետ կապվող այս պատմությանը, ապա ՀՀ վարչապետը նշեց, որ անհրաժեշտ բացատրություններ արդեն տվել է.
«Համարելով, որ սա անհեթեթություն է, որ ես ինքս չեմ գրանցել օֆշորային գոտում ձեռնարկություն և որևէ մեկին լիազորություն չեմ տվել իմ անունից նման ձեռնարկություն գրանցել: Եթե ուզում ես մեկին վարկաբեկել, ապա սա հիասքանչ ձև է և հնարավորություն»,- հայտարարեց Տ.Սարգսյանը:
Նա նաև պատգամավորներին հիշեցրեց, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը հարցադրում էր ուղղել, թե որտեղ է ինքը եղել այն օրը, երբ գրանցվել է այդ ձեռնարկությունը` 2010թ-ի մայիսի 6-ին.
«Մանրակրկիտ հաշվետվություն եմ ներկայացրել հանրությանը նույն թերթի միջոցով, որ պաշտոնական այցելությամբ գտնվել եմ Պրահայում, որ բազմաթիվ լրագրողներ եղել են ինձ հետ, րոպե առ րոպե գիտեն որտեղ եմ եղել… Միաժամանակ ես չէի կարող գտնվել Կիպրոսում կամ Պրահայից թռնել Կիպրոս և գրանցել այնտեղ ձեռնարկություն: Ես հանգիստ եմ վերաբերվում այսպիսի մեղադրանքներին, որովհետև սա ոչ վերջին մեղադրանքն է, ոչ էլ առաջին»,- տեղեկացրեց պաշտոնյան ու ավելացրեց, որ վերջին քսան տարիների ընթացքում նման պատմությունները բազմաթիվ են, հիշատակելով, թե իրեն վերագրել են Նաիրիտի սեփականատերը լինելը և այլն , բայց ապագայում էլ պետք է պատրաստ լինի նման բաների, որովհետև ժողովրդավարական զարգացումը դա ենթադրում է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան