«Բարեխիղճ աշխատող էր». ԼՂՀ ՓՊ նախագահը` կաշառքի վրա բռնված փաստաբանի մասին
Նախօրեին պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ քննչական ծառայության համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունիսի 12-ին, ժամը 11:30-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ ՔԾ 1-ին կայազորային քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ, մայոր Վահան Հարությունի Հարությունյանը և փաստաբան Ազատ Վլադիմիրի Ավագիմյանը:
Panorama.am-ը ավելի վաղ, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ազատ Ավագիմյանը ԼՂՀ Փաստաբանների պալատի փաստաբան է: Այդ տեղեկությունը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց նաև ԼՂՀ Փաստաբանների պալատի նախագահ Ալեքսանդր Գալստյանը և ասաց, որ մանրամասն տեղյակ չէ գործի հանգամանքներին: «Ես միայն գիտեմ, որ ինքը շատ հոյակապ անձնավորություն էր, շատ լավ մարդ և իր գործը շատ բարեխիղճ կատարում էր, թե ոնց է դա ստացվել, չգիտեմ», -ասաց պարոն Գալստյանը:
Նա ասաց, որ ԼՂՀ Փաստաբանների պալատն ունի 41 անդամ` երիտասարդներ ու միջին տարիքի անձինք, և նման դեպք նախկինում երբեք չի եղել: «Ոչ մի կալանավորված ու ոչ մի փաստաբան չունենք, որի նկատմամբ քրեական գործ հարուցված լինի», -հավելեց ԼՂՀ ՓՊ նախագահը:
ՊՆ լրատվական ծառայությունը նախօրեին նաև տեղեկացրել էր, որ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը վարում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը: Անհետաձգելի քննչական գործողությունները կատարելուց հետո քրեական գործն ըստ քննչական ենթակայության կուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
ՊՆ-ն հաստատում է. ձերբակալվել են մայոր Հարությունյանը և փաստաբան Ազատ Ավագիմյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները