Չարենց և Նար-Դոս փողոցները կասֆալտապատվեն, բայց ե՞րբ
Երևանյան վարորդները բողոքելու շատ առիթներ ունեն` ասֆալտը ասֆալտ չի ու փռելուց մեկ ամիս անց նորից «ծալքերով է» դառնում ու փոսերով աչքի ընկնում: Հիմա էլ նոր պատուհաս է վրա հասել` փողոցները, մեծամասամբ կենտրոնական, քանդում են, որպեսզի ասֆալտապատման աշխատանքներ տանեն ու…. մոռանում: Հասկանալի է, որ մոռանում են ժամանակավոր, բայց այդ ժամանակավորը երբեմն բավականին երկար է տևում ու շատ դեպքերում ավտոմեքենայիդ ու սեփական նյարդերիդ «առողջությունն» արժենում:
Այդպես, չեմ էլ հիշում արդեն, թե Չարենցի փողոցը` ԵՊՀ հատվածում, ե՞րբ էին քանդել ու այդպես թողել: Հույս էլ չկա, որ մի օր կասֆալտեն: Վարորդները այդպես էլ քշում են` առանց հոծ գծերի կենտրոնական այս փողոցով, լուրջ ճիգեր գործադրելով, որպեսզի շրջանցեն հատակից ցցված «լյուկերը»: Եվ ահա շուրջ տաս օր է քանդել են Նար-Դոսի փողոցը, բայց եթե Չարենցի պարագայում այն գոնե ձթապատված է, ապա այս դեպքում քանդել ու այդպես էլ թողել են` անձրևի ժամանակ վախենալու փոսերը լցվում են ջրով ու թակարդներ դառնում խեղճ ավտոմեքենաների համար, իսկ արևին տապի տակ աննկարագրելի փոշի է բռնում ողջ փողոցով մեկ: Մի խոսքով, լավ գործ են ուզում անել, բայց ինչպես ասում են` ստացվում է ինչպես միշտ:
Panorama.am-ը Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հետաքրքրվեց` ե՞րբ են պատրաստվում սկսած գործն ավարտին հասցնել և ասֆալտապատել Նար-Դոսի փողոցը.
«Անպայման աշխատանքները կիրականացվեն ըստ ժամանակացույցի»,- եղավ պատասխանը:
Այն, որ աշխատանքները կիրականացվեն, կրկնում ենք, կասկած չէր հարուցում, ի վերջո դժվար Երևանի կենտրոնական փողոցը նման վիճակում թողնվեր: Ի դեպ, դիտարկումը նաև հնչեցրեցինք, բայց ստացանք պատասխան, որ կոնկրետ ժամկետներ ասել չեն կարող, որովհետև չեն տիրապետում ժամանակացույցին:
Մեզ հորդորեցին նաև հիշել, որ գուցե աշխատանքների հետաձգումը կապված է եղանակային պայմանների հետ, ի վերջո անձրևների ժամանակ ճիշտ չէ ասֆալտ անելը, քանի որ դա ուղղակիորեն միջոցների փոշիացում է… բայց ավտոմեքենաներն էլ փչանում են, չէ՞, հետիոտների կոշիկներն էլ նույնպես:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները