Երևանում անցկացվելու է դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը
Հունիսի 14-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կայանալու է դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը: Այս մասին ասուլիսում տեղեկացրեց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
Նշենք, որ համաժողովի կազմակերպիչն է` Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի և Արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ, Կազմակերպիչներն են նաև ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Զարգացման հայկական գործակալությունը։
Ըստ Ս. Զաքարյանի, համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի դեղագործության ոլորտի վերջին ձեռքբերումներին, դեղագործական շուկայի զարգացման հնարավորություններին, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված նոր ծրագրերին և բարեփոխումներին, հավանական գործընկերների հետ քննարկել համագործակցության և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները։ Համաժողովի ընթացքում տեղական և օտարերկրյա կազմակերպություններին կներկայացվեն նաև միջազգային դեղագործության վերջին ձեռքբերումները, զարգացումները և նորարական մոտեցումները։
Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 500 բժիշկներ, դեղատնային ցանցերի, տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների աշխատակիցներ, գիտնականներ և փորձագետներ։
Համաժողովը բաղկացած է երկու նիստերից։ Առաջին մասը, որը կոչվում է «Դեղագործության ոլորտի ձեռքբերումները Հայաստանում», նպատակ ունի ներկայացնել Հայաստանի դեղագործության ոլորտի վերջին ձեռքբերումները, նոր զարգացումները, ընթացիկ բարեփոխումներն ու զարգացման ռազմավարությունները։ Նիստի երկրորդ մասը նվիրված է «Համաշխարհային դեղագործության լավագույն ձեռքբերումները» թեմային։ Այս նիստի ընթացքում օտարերկրյա դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց ընկերությունները, նոր ձեռբերումները, արտադրանքները, տեխնոլոգիաները, գիտական հայտնագործությունները, դեղագործության ոլորտում նորարարական մոտեցումները և այլն։
Ըստ բանախոսի, համաժողովը հնարավորություն կտա տեղական ընկերություններին նոր կապեր հաստատել հավանական գործընկերների հետ, ամրացնել արդեն իսկ գոյություն ունեցող կապերը և այլ երկրների դեղերի գրանցման պատասխանտուների հետ քննարկել հայկական ծագման դեղերի արտահանման հնարավորությունները։
Համաժողովի երկրորդ օրը հյուրերը հնարավորություն կունենան այցելել հայկական դեղագործական ընկերություններ, լաբորատորիաներ և դեղագործական պահեստներ՝ ծանոթանալու հայ գործընկերների կարողություններին և տրամադրելու գործնական խորհուրդներ։ Այցելությունների ընթացքում տեղական և օտարերկրյա ընկերությունների, պետական մարմինների ներկայացուցիչների ու մասնագետների և միջազգային փորձագետների միջև կկազմակերպվեն նաև «կլոր սեղան» և ֆոկուս խմբային քննարկումներ։
Համաժողովին զուգահեռ կանցկացվի նաև դեղագործության ամենամյա «Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ցուցահանդեսը։ Այն բացառիկ հնարավորություն է տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների և նրանց ներկայացուցիչների համար՝ ներկայացնելու իրենց արտադրանքը և վերջին ձեռքբերումները։