Կոռուպցիան շարունակվում է գնումների ու շինարարության ոլորտներում. ՎՊ նախագահ
Այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ Դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը շարունակեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ու հայտարարեց. «Ո՞ւր է մեզ տանելու այս աշխատաոճը: Լավ, այս ամենն ասում ենք, հետո ի՞նչ եք անելու, ո՞ւր ենք ուզում այսպես գնալ-հասնել»:
Ռուստամյանն ասաց, որ պետք չէ բավարարվել ՎՊ-ի արձանագրած խախտումների վերաբերյալ կառավարության կայքէջում բացահայտված խախտումների մասին ոլորտների պատասխանատուների պատասխաններով: «Մի հատ գնահատեք էլի այդ պատասխանները, դրանք Ձեզ գոհացնո՞ւմ են, թե՞ ոչ», -դիմելով Զաքարյանին, հայտարարեց Ռուստամյանը` ընդգծելով պետք է համագործակցել ու պայքարել բյուջեից գումարների մսխման դեմ:
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ասաց, որ ուրախ է համագործակցության մասին առաջարկի վերաբերյալ և տեղեկացրեց, որ իրենց ստուգումների ընթացքում համոզվել են` ռիսկային շարունակում են մնալ շինարարության ու գնումների ոլորտները: «Ամբողջ տնտեսությունը մենք բացել ենք, գրեթե բնագավառ չկա, որ ստուգած չլինենք: Բոլոր նյութերը հավաքելով մենք 4-րդ տարվա վերջին հստակ ասել ենք, որ պետական բյուջեի ծախսային մասերի 70 տոկոսը այս պահին կրում է խիստ ռիսկային, կոռումպացված բնույթ: Օրինակ շարունակում են այդ ոլորտները մնալ կոռումպացված` 701 մլրդ գնում է շիանարարություն և գնումների բնագավառներին: Մնացած մասը` 300 մլրդ-ը թոշակներն են, որի հարցը համարում եմ փակված: Բոլոր խմբակցություններին ասել եմ` եկեք դուք էլ օգնեք: Եթե ասում ենք, որ սոցիալական ոլորտի կոռուպցիոն սիստեմը վերացրել ենք, սա էլ կարող ենք վերացնել»,- հայտարարեց Զաքարյանը:
ՎՊ նախագահի խոսքով, մտադիր են առաջարկել կառավարությանը փոխել բյուջեի կազմման տրամաբանությունը, քանի որ կառավարության մեջ նշվում են ծրագրեր, որոնք արդյունքներ չեն տալիս:
Արձագանքելով Զաքարյանին, Ռուստամյանն ասաց, որ ընդդիմադիր խմբակցությունները պատրաստ են «մենակ չթողել» Իշխան Զաքարյանին: «Դուք այն խողովակն եք, որ միջոցով կարող ենք աշխատել ու վերացնել այդ թերությունները», -ասաց Ռուստամյանը:
Փողերը բյուջեից լափում են որոշ մարդիկ, և մենք ոչ մի քայլ չենք անում. ԱԺ նախագահը` ՎՊ բացահայտումների մասին