Ընդդիմությունը պասիվ է. իշխանությունը պետք է համագործակցի քաղաքացիական հասարակության հետ
«Այսօր Հայաստանում չկան արգելված թեմաներ` Եվրազեսի և Եվրամիության ինտեգրումից, Մայրաքաղաքի գլխավոր հրապարակի վերակառուցումից մինչև Վերահսկիչ պալատի կողմից բացահայտված ատկատների դեպքերը բոլոր թեմաները Հայաստանում դառնում են հանրային քննարկման առարկա»,-գրում է «Голос Армении»-ն` նշելով, որ դա ՀՀ իշխանությունների կողմից հասարակությանն ուղարկված հստակ ազդակ է առ այն, որ այսօրվա կառավարությունը պատրաստ է համագործակցել և հենվել քաղաքացիական հասարակության վրա:
Մեկնաբանելով նախագահական ընտրություններից հետո ՀՀ նախագահի կողմից ընդդիմությանն ուղղված արտահայտությունը. «Ձեզ լսեցին»` թերթը նկատում է, որ իշխանություններն, այսպիսով` պատրաստակամություն են հայտնում առողջացնել հասարակական միջավայրը հանրության հետ երկխոսության մեջ մտնելու միջոցով: Միևնույն ժամանակ «ГА»-ն գրում է, որ քաղաքացիական հասարակության փաստարկված և կառուցողական ակտիվությունն այսօր ավելի քան անհրաժեշտ է` հատկապես ընդդիմության պասիվ պահվածքի համատեքստում:
Մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հայտարարությունն առ այն, որ այսօրվա իրավիճակը ակտիվություն չի պահանջում` թերթը գրում է. «Նախկին նախագահի կուսակցությունն ակտիվություն է ցուցաբերում միայն այն ժամանակ, երբ պայքար է մղվում իշխանությունը զավթելու համար, երկրում առկա խնդիրների լուծման հարցում ակտիվություն ցուցաբերելու կարիք ՀԱԿ-ը չի տեսնում»: Նույն պասիվությունը թերթն արձանագրում է նաև ՀՅԴ-ի և Ժառանգության պահվածքում` նշելով, որ այս երկու կուսակցությունները զբաղված են բացառապես իրենց ներկուսակցական հարցերով: