Փողերը բյուջեից լափում են որոշ մարդիկ, և մենք ոչ մի քայլ չենք անում. ԱԺ նախագահը` ՎՊ բացահայտումների մասին
Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվությունը, որտեղ մատնանշվում էր տարբեր ոլորտներում բյուջեի միջոցների մսխման մասին բացահայտումներ, բարկացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, և նա ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ելույթից հետո հետաքրքրվեց.
«Ես ինչ-որ տեղ նախկինում համոզված էի, որ դրանք, այդ խախտումները իրականությանը չեն համապատասխանում, բայց հիմա, որ այս ամբիոնից հայտարարում եք այդ խախտումների մասին, ճիշտն ասած, զարմացա: Այսինքն, կոպիտ ասած գործ ունենք թալանչիների հետ: Ուզում եմ հասկանալ, պարոն Զաքարյան, դուք, որ այդ չինովնիկներին ներկայացնում եք այս խախտումները, ի՞նչ են ասում: Իրական փողերը բյուջեից լափում են որոշ մարդիկ, և մենք ոչ մի քայլ չենք անում, էսպես չի լինի: Ի՞նչ են ասում այդ չինովնիկները, երբ ասում եք, որ 100 մլն, 200 մլն յուրացրել եք»:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը պատասխանելով ԱԺ խոսնակի հարցին, նախ ասաց, որ ԱԺ Դաշնակցություն, ՀԱԿ, ԲՀ և ՕԵ խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ պատգամավորները իր առջև խնդիր են դրել ներկայացնել նաև, թե ինչ պատասխան են տվել այն կառույցները, որտեղ իրականացվել են աշխատանքները: Այնուհետև տեղեկացրեց, որ Հանրապետական խմբակցության հետ ևս «մոտ երեք ժամ» քննարկում են ունեցել: «Հանրապետական խմբակցությունում շատ մանրակրկիտ քննարկել ենք, ու հստակ խնդիր է դրված եղել, որ կառավարությունը, նախարարները հստակ պատասխանեն, թե ինչ է արվել Վերահսկիչ պալատի վերահսկողության արդյունքում: Դրանից հետո կառավարության նիստում վարչապետը մեկ առ մեկ բոլորին հարցրել է, թե ինչ արդյունք են ստացել ստուգումները: Վարչապետի հանձնարարությամբ բոլորի պատասխաններն այս պահի դրությամբ տեղադրված են կառավարության կայքէջում և շատ հանգիստ ցանկացած պատգամ,ավոր կարող է վերցնել ու տեղեկանալ, թե ինչ է արվել խախտումը վերացնելու համար», -պատասխանեց Իշխան Զաքարյանը` միևնույն ժամանակ նկատելով, որ կան նաև պատասխաններ, որոնք ինքնանպատակ են գրվել, այսինքն` պատասխանել են զուտ պատասխանելու համար:
Արձագանքման ժամանակ Աբրահամյանն ասաց, որ հասարակության շրջանում տպավորություն է ստեղծվում, որ խախտումները հայտնաբերվում են, դրանց մասին բարձրաձայնվում է, բայց լուծում չի ստանում: «Նույն բանը մի քանի անգամ ասել եմ` եթե գալիս եք, այս ամբիոնից բարձրաձայնում եք խնդիրների մասին, պետք է շարունակական պրոցեսը լինի, պետք է այդ մարդկանցից ազատվել, անփոխարինելի պատշտոնյա կա՞: Ես զարմացած եմ ուղղակի: Գտնում եմ, որ վարչապետը լուրջ գործ անի այս ուղղությամբ: Ես գտնում եմ, որ սա պետք է ունենա լուրջ հետևանքներ, պետք է ազատվել այդ մարդկանցից, ովքեր զբաղված են թալանով, կեղծիքներով, յուրացումներով», -հայտարարեց ԱԺ նախագահը: