Ձեր ձեռքի մալուխի փոխարեն ձեռնաշղթաներ պետք է լինեին. Մարգարյանը` Իշխան Զաքարյանին
Ձեր ներկայացրած հաշվետվությունը ցույց է տալիս, որ մենք զանգվածային ալան-թալանի հետ գործ ունենք,-այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:
«Այ, դուք եկաք մալուխը ձեր ձեռքին, սակայն պետք է ձեռնաշղթաներ լիներ այդ մալուխի փոխարեն», -հայտարարեց Մարգարյանը:
Նշենք, որ այսօր Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության ներկայացման ժամանակ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը խորհրդարան էր գնացել մալուխը ձեռքին և այն ցույց տալով պատգամավորներին ասել, որ շենքերի կառուցման ժամանակ այդպիսի մալուխ է օգտագործվել, որի գինը խանութներում 110 դրամ է, իսկ նախահաշիվներում դրա գինը ներկայացվել է 1007 դրամ:
Մասնավորապես, ՎՊ-ն բացահայտել էր, որ ՀՀ քաղաքաշինության նախարարությունում ընտրանքային կարգով ստուգված 10 կրթական օբյեկտներում` 707,850.92 հազ. դրամ ընդհանուր գումարով կատարված շինարարության, հիմնանորոգման և նախագծային աշխատանքներում հայտնաբերվել է անորակ և վերականգնման ենթակա 52,197.58 հազ. դրամի գումարի չափով խախտում: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամում ընտրանքային կարգով 16 օբյեկտներում իրականացրած 510,200.05 հազ. դրամի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ստուգման արդյունքում արձանագրվել է 32,932.4 հազ. դրամի անորակ և վերականգնման ենթակա գումարի չափով խախտում:
Նշենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը կոալիցիոն կառավարության մաս է կազմում և կոալիցիոն քվոտայով ՕԵԿ-ին տրվել քաղաքաշինության, Արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարությունները: Մինչ և 2012 թվականը քաղաքաշինության նախարարությունը կոալիցիոն քվոտայով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչն էր ղեկավարում: