Ադրբեջանի իշխանությունը ճնշում է գործարարներին՝ ընդդիմության ֆինանսավորումը կանխելու նպատակով
Ադրբեջանում ընտրություններից առաջ իշխանությունը սկսել է վերահսկել իրենց իսկ պատճառով ընդդիմության կողմն անցած գործարարներին` այդպիսով ցանկանալով կանխել ընտրություններում նրանց կողմից ընդդիմությանը ֆինանսավորելու հնարավորությունը:
Ինչպես նշում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը, իշխանությունը սկսել է ընդդիմության կողմն անցած գործարարներին գայթակղիչ առաջարկներ անել, իսկ գործադիր իշխանության ղեկավարներին հանձնարարվել է բիզնեսմենների հետ «անհատական զրույցներ» անցկացնել: Թերթը գրում է, որ ըստ մի շարք քաղաքագետների, 2013 թ-ի նախագահական ընտրություններում հաջող արշավ անցկացնելու համար Ադրբեջանի ընդդիմությանը 2-3 մլն եվրոյից ավել գումար հարկավոր չէ:
«Բնական է, որ իշխանությունը հասկանում է դա և այդ պատճառով տարիներ շարունակ այս կամ այն կերպ շարքից հանել է ընդդիմության ֆինանսական լծակները: Հատկապես «Ազգային խորհուրդ»-ի ստեղծումից հետո իշխանությունը լուրջ անհանգստացած է: Նրանք հասկանում են, որ իշխանության նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը բացասական է, և մեծամասնությունը դժգոհ է առկա ռեժիմից»,-նշում է թերթը: Ադրբեջանի իշխանությունները չունեն նաև Արևմուտքի, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից աջակցություն: Նման վիճակում ընդդիմությունը կարծում է, որ արդար ընտրություններ անցկացվելու դեպքում իշխանության նկատմամբ իր հաղթանակն անխուսափելի է, ուստի ջանում է գտնել ընտրական արշավ անցկացնելու համար անհրաժեշտ գումարը:
Ըստ թերթի, իշխանությունների միակ վախը արտասահմանում բնակվող ժողովրդավարական ուժերի կողմից ընդդիմությանը ֆինանսավորելու հնարավորությունն է:
«Մյուս կողմից, իշխանությունը գիտակցում է, որ երկրում ժողովրդավարություն հաստատել ցանկացող մեծ թվով փոքր ու միջին ձեռնարկատերեր և գործարարներ կան, որոնց իշխանությունը մինչ օրս շարունակում է ճնշել և ապօրինի վճարներ հարկել, ինչպես նաև անօրինաբար խլել նրանց ունեցվածքը: Եվ այժմ իշխանությունը սկսել է նրանից եկող հնարավոր վտանգը կանխելու միջոցներ ձեռնարկել»,-գրում է հեղինակը:
Թերթը նշում է, որ իշխանության գործադիր ղեկավարները ձեռնարկատերերին հայտնել են, որ առաջիկա ժամանակաշրջանում նրանցից «հարկ» չեն պահանջելու, բիզնեսն ընդլայնելու պայմաններ են ստեղծելու: Սակայն այդ գայթակղիչ խոստումների դիմաց իշխանությունը գործարարներից պահանջել է որևէ օգնություն չցուցաբերել ընդդիմությանը: Բացի այդ, իշխանությունը գործարարներին հայտնել է, որ նրանց ամբողջությամբ վերահսկում են, և այն դեպքում, եթե որևէ ընդդիմադիր կուսակցության օգնություն ցուցաբերեն, լրջորեն կպատժվեն:
«Այսպիսով՝ պարզ է դառնում, որ իշխանությունը հասկանում է, որ 2013 թ-ի ընտրությունները նախկիններից շատ ավելի դժվար են լինելու: Դա համար էլ գործարարներին բռնաճնշումներով վախեցնելով՝ աշխատում է նրանց հեռու պահել ժողովրդավարական ճամբարից: Բայց դիտարկումները ցույց են տալիս, որ մանր և միջին ձեռնարկատերերն ու գործարարները ծանոթ են գործող ռեժիմի էությանը, ուստի իշխանությանը դժվար է լինելու նրանց հեռու պահել ժողովրդավարական գործընթացներից»,-գրում է «Ենի Մուսավաթ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու