Իշխանի բերած թվերը շատ լավն են. Արամ Մանուկյանը` ՎՊ հաշվետվության մասին
«Իշխանի բերած թվերը շատ լավն են, բայց երրորդ արարը կլինի՞, կպաժեն, թե՞ ոչ»,- այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հռետորական հարցադրում արեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Այնուհետև պատասխանեց իր հարցին. Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն արդեն երեք տարի է՝ նման բացահայտումներ է բերում խորհրդարան, բայց ո՞վ է պատժվում: Արամ Մանուկյանի խոսքով՝ սա սովորական շոու է՝ երեք արարով՝ հայտնաբերել, հրապարկել և պատժել կամ չպատժել:
Բայց մի բան Մանուկյանը հասկանում է` համակարգը կքանդվի, եթե որոշեն համատարած պատժել: Նրա խոսքով, թաղի խուժանը, ով մասնակցում էր այս ընտրություններին, ստանում է իր ուզածը և խուսափում հարկերից: «Այս համակարգում հնարավոր չէ վատ երևույթների դեմ պայքարել, համակարգը կփլվի: Երկուսին ժերտվա են տալիս, բայց մյուսներին ասում են՝ արի այստեղ, ես գիտեմ քո դոսյեն, կվարվես այնպես, ինչպես ես եմ ասում»,- իրավիճակը ներկայացրեց ընդդիմադիր պատգամավորը ու շարունակեց. «Սա բուրգ է, բուրգի կառուցվածքն այնպիսին է, որ մեկը կարող է կանգնել, բուրգի հոգեբանությունն այնպիսին է, որ մնացածը կարող են պառկել: Բուրգում կանգնած մարդը որոշում է բուրգում պառկած մարդկանց բոլորի ճակատագիրը: Ժերտվա կարող են լինել բոլորը, սկսած երկրորդից, երրորդից»: