Կառավարությանն ուղղված Հովիկ Աբրահամյանի քննադատությունն աբսուրդ է. Արմեն Ռուստամյան
Նախօրեին Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ կառավարությանն ուղղված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի քննադատությունը ԱԺ դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանին հիմք է տվել եզրակացնել. «Հիմա էլ քաղաքական դաշտն են մոնոպոլիզացնում, իրենք փորձում են ներկայանալ թե իշխանություն, թե ընդդիմութուն, իրենք են ուզում ամբողջ դաշտում լինել, իբր նոր մարտավարական հնարք են կիրառում, բայց սա աբսուրդ է»: Ըստ Ռուստամյանի, իշխանություններն ամեն ինչ են արել, որ մյուս քաղաքական ուժերը տեղ չունենան քաղաքական դաշտում: Սակայն դրա պատճառներից է նաև այն, որ ընդդիմությունն այդպես էլ չի միավորվում:
Դաշնակցականն իշխանություններին խորհուրդ է տալիս ապաշխարել, զղջալ. «Բա ո՞վ պետք է ապաշխարի, արեք գործընթաց, որ բոլորս հավատանք, որ ինքնամաքրման գործընթացի մեջ եք: Խոստովանությունն առանց ապաշխարության, ցինիզմ է: Հանցագործ աշխարհին բնորոշ էլեմենտներ են մտնում մեր վարք ու բարքի մեջ»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ՎՊ հաշվետվության քննարկման ժամանակ Հովիկ Աբրահամյանը լսելով բացահայտված խախտումները, հայտարարել էր, որ կառավարությունում թալանչիներ կան, որոնք «լափում են» պետական միջոցները:
Փողերը բյուջեից լափում են որոշ մարդիկ, և մենք ոչ մի քայլ չենք անում. ԱԺ նախագահը` ՎՊ բացահայտումների մասին